«Ուրֆանյանը եղել է մեր վաշտի հրամանատարը, մենք իրեն հիշում ենք որպես լավ մարդ, լավ հրամանատար, լավ ընկեր: Միշտ հետաքրքրվում էր մեր խնդիրներով»,- այսպես է հիշում 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին Ահարոն Արսենյանը, որը ութ ամիս է՝ արդեն զորացրվել է:
Նա հավելեց. «Պոստեր, որ գալիս էր, ասում էր, եթե դիվերսիա լինի, եթե գան ձեր վրա, ձեր փրկող ուժը միակ նռնակն է: Այս դեպքը, որ եղավ, ես դա միշտ հիշում եմ»:
Արմեն Հակոբյանն էլ ընդգծեց, որ շատ քիչ սպաներ կան, որոնց հարգում են ե՛ւ սպաները, ե՛ւ զինվորները: Ուրֆանյանը այդպիսի սպա էր ում հարգել են ե՛ւ սպաները, ե՛ւ զինվորները. «Որպես մարդ, որպես սպա ցանկացած դրության ժամանակ, երբ արտակարգ իրավիճակ է եղել իր արած քայլերով հարգվել է որպես սպա, ընկերական շրջապատում էլ որպես լավ ընկեր»:
Կարդացեք նաև
Արմենակ Ուրֆանյանի կուրսանտական ընկեր Էդգար Գրիգորյանը իր ընկերոջը բնութագրում է որպես հանգիստ, խելացի, կշռադատված մարդ. «Կուրսանտ ժամանակից մարտական տրամադրվածությամբ ծառայում էր: Ընդհանուր առմամբ, չորս տարվա կուրսանտական կյանքում ինքը միայն շնորհակալությունների է արժանի եղել: Բարեխիղճ իր պարտականությունները կատարող սպա է եղել»:
Մայոր Սամվել Մարգարյանն էլ հայտարարեց. «Մենք 3 միլիոն չենք, մենք 30 միլիոն ենք թո՛ղ ադրբեջանցիներն էլ իմանան, թուրքերն էլ իմանան, ամբողջ աշխարհը իմանա: Ցանկացած ոտնձգության 30 միլիոնս էլ պատրաստ ենք նման հերոսություն անելու: Հողմերը կգան ու կգնան, բայց մենք անսասան կմնանք մեր լեռների պես, դա լավ իմացեք: Ես Արմենակին անձամբ չեմ ճանաչում, բայց հերոսություն է արել: Եթե մարդը հերոսություն է արել՝ մեկնաբանություններն ավելորդ են»:
Արմենակ Ուրֆանյանի ծառայակից Գագիկ Ավետիսյանն էլ նշեց, որ Արմենակ Ուրֆանյանը շատ առնական մարդ էր, երբեք ոչնչից չի վախեցել. «Իր խոսքն էր՝ երբեք հակառակորդին գերի չեմ ընկնի, ավելի լավ է չլինեմ, քան թե գերի լինեմ: Ինքը միշտ քաջարի է եղել, հաղթական է եղել, ինքն առնական տղա էր»
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ