Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը ցույց կտա՝ որ գործն է անցողիկ, որը՝ մնայուն». Արամ Սաթյան

Ապրիլ 05,2016 21:45

Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում է հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված փառատոն: Այս տարի փառատոնը կրում է «Պրեմիերա» խորագիրը: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կարծիքով՝ այս օրերին համերգներ անցկացնելը կարևոր է. «Նախատեսված փառատոնը պիտի կայանա: Մենք պետք է ապացուցենք, որ կանք ու կլինենք: Հասկանանք, որ արվեստն ուղեկցում է մեր զինվորներին, յուրաքանչյուր մարդու, որը գնում է իր կյանքը նվիրելու հայրենիքին»,- Կոմպոզիտորների միությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Սաթյանը:

Միության պատմության մեջ առաջին անգամ մեկ փառատոնի ընթացքում կհնչեն 40 կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնային 6 համերգների ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու սիմֆոնիկ, կամերային և խմբերգային երաժշտություն: Ստեղծագործությունների մեծ մասը նոր է գրվել և ներկայացվելու է առաջին անգամ:

«Ժամանակը ցույց կտա՝ որ գործն է անցողիկ, որը՝ մնայուն, իսկ մենք պետք է ստեղծագործենք»,- նշեց Ա. Սաթյանը:

Կոմպոզիտորի խոսքով՝ փառատոնը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու գրված, բայց դեռևս չհնչած ստեղծագործություններ, դրանց  շնորհիվ բացահայտել երիտասարդ ստեղծագործողների. «Առանց ստեղծագործության կատարման կոմպոզիտորը չի կայանա: Յուրաքանչյուր կատարում հնարավորություն է տալիս վերլուծել սեփական ստեղծագործական ուղին: Մենք էլ փառատոնի շնորհիվ հայտնաբերում ենք նոր անուններ, որոնք հետագայում կարող են դառնալ մեր ազգի պարծանքը»:

Փառատոնային ստեղծագործությունները կներկայացնեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի նվագախմբերը, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային երգչախմբերը, առաջատար երաժշտական խմբեր և մենակատարներ:

«Պրեմիերա» խորագիրը կրող փառատոնի շրջանակներում կհնչեն Նուբար Ասլանյանի, Բելա Հովհաննիսյանի, Անահիտ Կոստանյանի, Վահրամ Բաբայանի (ապրիլի 8, Ա. Խաչատրյան համերգասրահ), Ժիրայր Շահրիմանյանի, Նարինե Զարիֆյանի, Ստեփան Սուքիասյանի, Միխայիլ Կոկժաևի, Վարդ Մանուկյանի (ապրիլի 9, Ա. Խաչատրյան համերգասրահ), Կոնստանտին Պետրոսյանի, Աշոտ Զոհրաբյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդան Աճեմյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Լևոն Չաուշյանի (ապրիլի 12, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն), Էդվարդ Միրզոյանի, Էմմա Միհրանյանի, Առնո Բաբաջանյանի, Աշոտ Սաթյանի, Աշոտ Բաբայանի, Արեգ Լուսինյանի (ապրիլի 14, Առնո Բաբաջանյան համերգասրահ), Իրինա Խաչատրյանի, Տիգրան Ասլանյանի, Գայանե Կեսոյանի, Գրիգոր Առաքելյանի, Մարտին Վարդազարյանի, Արփինե Կալինինայի, Արեգ Պանյանի, Գագիկ Հովունցի (ապրիլի 18, Առնո Բաբաջանյան համերգասրահ), Աշոտ Ղազարյանի, Արմենուհի Կարապետյանի, Աննա Հակոբջանյանի, Ջեննի Ասատրյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Սոֆյա Միքայելյանի, Էդուարդ Սադոյանի, Աննա Ազիզյանի, Երվանդ Երկանյանի (ապրիլի 25, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն) ստեղծագործությունները:

Հայ ժամանակակից դասական երաժշտությունն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու նպատակով Կոմպոզիտորների միության որոշմամբ՝ բոլոր համերգների մուտքն ազատ կլինի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930