«Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած վայրագությունների ձեռագիրը բնորոշ է Սիրիայում եւ Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին, առավելապես` «Իսլամական պետությանը»,-ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ փորձագետների` բացառված չէ, որ նշյալ զինծառայողները Մերձավոր Արեւելքում գործող ծայրահեղական խմբավորումների, այդ թվում` ԻՊ-ի կազմում են ժամանակին հանդես եկել, ապա Թուրքիայի միջոցով անցել Ադրբեջան, որն էլ ԼՂՀ-ի դեմ օգտագործեց այդ ծայրահեղական զանգվածը:
«Հարյուրավոր, գուցե հազարավոր ադրբեջանցիներ պարբերաբար Սիրիայում եւ Իրաքում կռվել են մի շարք ծայրահեղական խմբավորումների, այդ թվում` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում: Եվ դա գաղտնիք չէ: Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար փորձել են արհեստականորեն նվազեցնել նրանց թվաքանակը՝ երկրում խուճապ չառաջացնելու նպատակով: Շփման գծում, հնարավոր է, որ Բաքվի վարչակարգն օգտագործել է նման գրոհայինների` հաշվի առնելով սեփական զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վատթար մթնոլորտը եւ այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակն ի զորու չէ սեփական ուժերով լուծել իր առջեւ դրված խնդիրները եւ դիմում է միջազգային իրավունքի նորմերով արգելված միջոցների` մարտադաշտ դուրս բերելով ոչ կոնվենցիոնալ կոմբատանտների՝ հանցագործների, ահաբեկիչների: Այնուամենայնիվ, ինչպես պատմությունն է ապացուցել և այսօր էլ ականատես ենք լինում, հայկական զինված ուժերն ի զորու են պայքարել եւ հաղթել ամեն տեսակի հակառակորդի` լինեն ահաբեկչական բնույթի զինված խմբավորումներ, թե կանոնավոր բանակային ստորաբաժանումներ»,-նշեց Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է համարժեք դիրքորոշում արտահայտի այս իրողությունների նկատմամբ, երբ Ադրբեջանն, իր գործողություններում օգտագործելով ոչ կոնվենցիոնալ զինատեսակներ և կոմբատանտներ՝ ի դեմս ծայրահեղականների, եւ վայրագություններ կատարելով խաղաղ բնակչության հանդեպ, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի Հաագայի և Ժնեւի կոնվենցիաները. «Այս համատեքստում պարզապես չի կարելի մատների արանքով նայել եւ անհրաժեշտ գործողություններ չձեռնարկել, քանի որ, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր աննախադեպ ամենաբարձր մակարդակով պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, Ադրբեջանի իշխանությունները եւ նրանց հարող այլ արտաքին դերակատարներն օգտագործում են միջազգային ահաբեկչությունը` սեփական խնդիրների լուծման համար»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ավելի վաղ հայտարարեց` Ադրբեջանի բանակի կազմում գրոհայիններ կան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ