Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ցուցահանդեսը դասախոսների յուրահատուկ քննություն է ուսանողների առաջ». Մերի Պատվականյան

Ապրիլ 05,2016 20:03

Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց «Փարիզ` իմ սեր» խորագրով աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսին մասնակցում էր ԵԳՊԱ-ի «Դիզայնի և Դեկորատիվ-կիրառական արվեստ»-ի ֆակուլտետի դասախոսական կազմը։

ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը իր դրական կարծիքը հայտնեց ցուցահանդեսի վերաբերյալ. «Ուրախ եմ տեսնել կոլեգաներիս աշխատանքները: Ուրախալի է, որ բոլորը նոր աշխատանքներ են ներկայացրել: Ցուցահանդեսը նվիրված է Փարիզին, բայց փարիզյան նկարներ, պատկերներ չտեսա: Լավ կլինի՝ շարունակական լինի ցուցահանդեսը և ավելի բովանդակային»:

12966314_1091412007584161_319541493_n 12968605_1091412040917491_2018447154_n

ԵԳՊԱ-ի միջազգային կապերի վարիչ Մերի Պատվականյանը նշեց, որ ակադեմիան արդեն քանի տարի է` մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված բոլոր միջոցառումներին. «Թեև նկարներում փարիզյան տեսարաններ չկան, ու դասախոսներն անհանգիստ էին այդ առիթով, այնուամենայնիվ նկարներից յուրաքանչյուրը կրում է ֆրանսիական այդ ոգին և փոխանցում է կտավին, և եթե այդ ազդեցությունն ուղղակի չէ, ապա անպայման մի կերպ արտահայտվում է»:

Տիկին Պատվականյանը հավելեց նաև, որ բացմանը պետք է ներկա լինեին ԱԳՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, բայց ներկայիս իրավիճակից ելնելով՝ չկարողացան գալ. «Կարծում եմ` ցուցահանդեսը հաջողված է. յուրաքանչյուր ստեղծագործողի, ստեղծագործության մեջ Փարիզը կա: Ներկայացված է մոտ 20 աշխատանք, հիմնականում «Դիզայնի և դեկորատիվ արվեստ»-ի միասնական ամբիոնի դասախոսների աշխատանքներն են ներկայացված: Նախորդ տարիներին եղել է, որ ուսանողներ են ներկայացրել, «Ֆրանսիան հայի աչքերով» խորագիրն է կրել և այլ նման խորագրերով ու անվանումներով ենք ներկայացել, եղել է, որ Ֆրանսիայից են ուսանողներ եկել, ու համատեղ ենք արել: Կերպարվեստի ֆակուլտետը շատ էր ներկայացել, գրեթե ամեն տարի ներկայանում էին, այդ իսկ պատճառով էլ այս անգամ Դեկորատիվ և կիրառական արվեստը որոշեց ներկայանալ»:

Ըստ տիկին Պատվականյանի՝ այս ցուցահանդեսը նախորդներից տարբերվում է իր ձևաչափով. «Սա արդեն կայացած, պրոֆեսիոնալ նկարիչների աշխատանքների ցուցահանդես է, և այստեղ տեսնում ենք նրանց հոգու ազդեցության վերարտադրությունը, բայց յուրովի: Ի վերջո` ազգայինը երևում է: Այս ցուցահանդեսը դասախոսների յուրահատուկ քննություն է ուսանողների առաջ»:

Ցուցահանդեսին ներկա ուսանողները տարբեր կարծիքներ էին հայտնում նկարների վերաբերյալ. ոմանք հավանում էին, ոմանք էլ ավելին էին սպասում իրենց դասախոսներից:

ԵԳՊԱ-ի ուսանողուհի Ջեմմա Սամսոնյանը առանձնացրեց ամբիոնի դասախոս Մանե Դավիդովայի աշխատանքը. «Յուրահատուկ է նրանով, որ միայն ինքն է բատիկա ներկայացրել: Գույները վառ էին և հետաքրքիր, նաև չափը դուրս եկավ՝ փոքր էր: Այստեղ կան  նաև այլ աշխատանքներ, որ օրինակ են ինձ և մյուս ուսանողների համար»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930