Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք կարիք չունենք, որ մեզ ոգևորեն, ուժ տան. այդ ուժը կա մեր մեջ». Ռուբեն Բաբայան

Ապրիլ 05,2016 19:22

«Վերջին օրերին կատարվածը, իր ողբերգական հետևանքներով ու մարդկային կորուստներով հանդերձ, նաև ապացուցեց շատ կարևոր մի բան՝ այս ժողովրդի հետ կարելի է ամեն բարձունքի հասնել»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա կարծիքով, սահմանում տիրող լարվածությունն առաջիկայում կթուլանա, բայց մեզ համար չափազանց կարևոր են հետևությունները, ինչպե՞ս ենք հետո ապրելու. «Այս ժողովրդի հետ նույն ձևո՞վ ենք վարվելու, թե՞ փորձելու ենք հասկանալ, որ այս տեսակ ժողովուրդ ունենալով՝ մենք պետք է լրիվ ուրիշ պետություն կառուցենք»:

Ռ. Բաբայանը գտնում է, որ մենք պետք է կարողանանք ընդունել իրականությունն ու հասկանանք, որ սա երկար պատմություն է. «Այն իշխանությունը, որն այսօր կանգնած է Ադրբեջանի գլխին, երբեք զիջումների չի գնա,- համոզված է արվեստագետը.- նա ավելի պատրաստակամ է զոհաբերելու սեփական քաղաքացիներին, նույնիսկ խաղալիք դառնալու որոշակի ուժային կենտրոնների ձեռքում, քան դեմ առ դեմ նստել հակառակորդի հետ, լուծել հարցը»,- նշեց Ռ. Բաբայանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը կփորձի հարցի լուծման տարբեր ճանապարհներ գտնել: Բայց այդ հարցը երբևէ չի լուծվի, որովհետև դժվար է ազատության շունչն զգացած մարդկանց համոզել, որ վերադառնան իրենց նախկին կարգավիճակին. «Չի լինի դա: Ուրեմն մենք էլ պիտի համակերպվենք, որ երկար ժամանակ լինելու է այս վիճակը: Եվ այդ իրավիճակում կարողանանք ապրել, ստեղծել ուժեղ, կազմակերպված պետություն»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այս օրերի ոգին աննախադեպ է համարում. «Հիմա, երբ հետադարձ հայացք ենք գցում, տեսնում ենք, որ 88-ի մակընթացության ալիքը մի տեսակ խուռներամ, անկազմակերպ էր: Այսօրվանը բոլորովին ուրիշ բան է…

Մեր տերը մենք ենք, մենք պիտի մեզ պահենք ու կարող ենք պահել: Անհնար է հաղթել այն ազգին, որը կարողանում է այսպես համախմբվել պետության շուրջ (նկատենք, որ մի բան է պետությունը, մեկ այլ բան՝ իշխանությունը): Մենք «դատապարտված» ենք հաղթելու…

Այնքան կուզենայի, որ այս վիճակներից դուրս գալուց հետո մեր իշխանություններն իրենց աշխատաոճով համբուրեին մեր ժողովրդի ճակատը»,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ եկել է մի սերունդ, որը հասկանում է, որ սա իր երկիրն է, ու ինքը պետք է պաշտպանի այն. «Մենք մեր երկրի տերն ենք, մենք կարիք չունենք, որ մեզ ոգևորեն, ուժ տան. այդ ուժը կա մեր մեջ, մենք կարող ենք այն նույնիսկ բաժանել իրար: Այդքան ուժեղ ենք մենք այսօր»,- ընդգծեց Ռ. Բաբայանը:

Նա կարծում է, որ մեզանում կուտակված ուժը նաև հնարավորություն է տալիս սթափ գնահատելու իրականությունը և թույլ չտալու, որ որևէ երկիր փորձի իր գեոպոլիտիկ հարցերը լուծել Հայաստանի ու Արցախի հաշվին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930