Ընդամենը երեք օր առաջ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակար Հակոբյանի պահպանիչ աղոթքով Արցախ մեկնեցին սիսիանցի մի շարք կամավորականներ:
Հոգեհանգստի արարողության ժամանակ դիմելով ողբացող ժողովրդին, հարազատներին, Սյունիքի մարզի գյուղերից եկած բնակիչներին՝ հոգեւոր թեմի առաջնորդն ասաց. «Դժվարին օր էր մարզի, մեր ժողովրդի համար, երբ թշնամին վայրահաչում էր մեր սահմանների վրա: Մեր զոհված մարտիկները հայրենիքի սիրով, հայրենիքի կանչով, ուրախ աչքերով հրաժեշտ տվեցին»:
Հայր Մակարն ասաց, որ հայրենիքի համար զոհվածները, նահատակվածները սրբեր են եւ սրբի առաջ չեն լացում:
Նա ասաց, որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ, մի բռունցք եւ չենք կարող լինել երկուսը: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահն իր խոսքում ասաց, որ Աստծո օրհնությունը թող լինի մեր ժողովրդին, իսկ բարկությունը թող իջնի մեր թշնամիների վրա եւ թշնամին թող հեռանա մեր երկրից:
Կարդացեք նաև
Սիսիանի մշակույթի կենտրոնում հավաքված ժողովուրդը ողբում է զոհվածների համար: Նրանց մեջ կան ազատամարտիկներ:
Զոհված Մայիս Միրզոյանը 90-ականներին ոտքից էր վիրավորվել եւ հարգված էր ժողովրդի կողմից: 43-ամյա Արմեն Բեգլարյանի համար ասում էին, որ 80-ամյա մորը չվշտացնելու համար չէր ասել, որ սահման է գնում, ասել էր գնում է Երեւան:
Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր վարչապետը, Սյունիքի մարզպետը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ