Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ
Վերջին օրերին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծայրաստիճան լարվել է՝ սպառնալով վերաճել լայնածավալ պատերազմի: Այսօր արդեն տեղեկություններ են ստացվում, որ թշնամին փորձ է անում ապակայունացնել իրավիճակը նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ կրակ բացելով սահմանամերձ գյուղերի վրա: Այդպիսով Ադրբեջանը ձգտում է վերջնականապես վիժեցնել բանակցային գործընթացը և ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս սանձարձակ և լկտի գործողությունները չեն հանդիսանում Իլհամ Ալիևի ինքնագործունեության արդյունք: Ադրբեջանի բռնապետի կողմից ռազմական բախումների սանձազերծումը պայմանավորված է Ադրբեջանի գլխավոր հովանավոր և «մեծ եղբայր» Թուրքիայի անվերապահ աջակցությամբ: Այդ մասին են վկայում ռազմական գործողությունները սկսելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային աջակցության և քաջալերանքի հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանին, Հայաստանին հասցեագրված վերջնագրային բնույթի պահանջները, ինչպես նաև հրապարակված ապացույցներն Ադրբեջանի զինված ուժերի կազմում հայկական ուժերի դեմ կռվող թուրքական վարձկանների և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների մասին:
Կարդացեք նաև
Ի պատիվ հայոց փառապանծ բանակի՝ արագ հաջողության հասնելու թշնամու ծրագրերը ձախողվել են: Հայ զինվորը հերթական անգամ ապացուցում է, որ իր մարտական ոգին անկասելի է: Հայ զինվորի թիկունքը հուսալի պաշտպանում է ամբողջ հայ ժողովուրդը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Դրվատանքի է արժանի այն կատարյալ համախմբումն ու համերաշխությունը, որն այսօր առկա է հասարակության և քաղաքական ուժերի շրջանում: Միայն այդպես՝ մեկ բռունցք դառնալով է հնարավոր դիմակայել ամբարտավան ախոյանին և ապահովել հայոց զույգ պետությունների հարատև անվտանգությունը:
Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում խիզախորեն մաքառող մեր զինվորներին և կանգնած է ժողովրդի կողքին: Միաժամանակ գտնում ենք, որ ռազմական գործողություններին զուգահեռ պետք է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը ագրեսոր Ադրբեջանին զսպելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու: Այդ առումով մենք ողջունում ենք Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման և Լեռնային Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու մասին Հայաստանի նախագահի նախաձեռնությունը: Այդուհանդերձ, եթե թշնամին չդադարեցնի ռազմական ագրեսիան, հայկական կողմի հակաքայլը պետք է լինի ՀՀ կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը:
Հայաստանն ու Արցախը մշտապես հանդես են եկել տևական խաղաղության հաստատման և ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը մերժելու դիրքերից: Սակայն թող թշնամին իմանա, որ խաղաղության ձգտելը չի կարող լինել միակողմանի և անհրաժեշտության դեպքում հայկական կողմն ունի ռազմական և դիվանագիտական լրջագույն լծակներ արժանի հակահարված հասցնելու համար: