Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Քաղաքական օրակարգ ներառեք Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը, որը չունի այլընտրանք»

Ապրիլ 05,2016 17:44

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի
Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2016թ.-ի
ապրիլի 5-ի նիստում:

Այս ամբիոնից բազմաթիվ դատապարտող հայտարարություններ իրավացիորեն հնչեցին և դեռ կհնչեն Ադրբեջանի սանձարձակ գործողությունների վերաբերյալ: Նախորդ տարիներին ևս բազմաթիվ անգամ հնչել են նմանատիպ հայտարարություններ: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք որևէ ազդեցություն չեն թողնում ոչ միայն ավտորիտար ռեժիմների ու նրանց ռազմական նկրտումների, այլ նաև միջազգային հանրության վրա, որն Ադրբեջանի կողմից պատերազմական յուրաքանչյուր գործողությունից հետո իսկույն հավասարության նշան է դնում և «կողմերի՛ն է կոչ անում» դադարեցնել զինված բախումները` զերծ մնալով անաչառ և արդարացի դատապարտումից:

Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ անցնող տարիներին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ, որը անհեռատես քաղաքականության հետևանքով մերժվել է:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը հիմնականում մերժել են հետևյալ պատճառաբանությամբ` ընթանում է բանակցային գործընթաց, և եթե ճանաչենք Արցախը, ապա բանակցային գործընթացը կտապալվի, և Ադրբեջանը կարող է փորձել զենքի ուժով լուծել հակամարտությունը:

Այժմ հարցադրում ուղղեմ այդ խոսքերի հեղինակներին` ի՞նչ է այսօր Ադրբեջանի արածը, եթե ոչ փորձ` զենքի ուժով գրավելու Հայաստանը: Մի՞թե Հայաստանը պաշտոնապես հայտարարել էր Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին, ցավոք` ոչ, այնինչ Ադրբեջանն արդեն ուղղակի զինված ագրեսիա է իրագործում` օգտագործելով իբրև թե մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնությունից գնած միլիարդավոր դոլարների զանգվածային ոչնչացման սպառազինությունը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը քաղաքական օրակարգ կներառվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների: Ապրիլի 1-ից Ադրբեջանը դիմել է ռազմական լայնածավալ ագրեսիայի, հետևաբար` գոնե այս կարևոր հարցում համարձակություն ունեցեք տեր կանգնել ձեր խոսքին և Հայաստանի քաղաքական օրակարգ ներառել Արցախի Հանրապետության ճանաչման մասին հարցը, որը չունի այլընտրանք:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եթէ կառավարութիւնը դատում է որ ժամանակը տակաւին չի եկել այս – ամէն դէպքում՝ գործնականօրէն անիմաստ – քայլը առնելու, այս նախաձեռնութիւնը պարզապէս ներքին պառակտումի նոր դրդապատճառ մը պիտի դառնայ, մինչ տակաւին ռազմաճակատում զէնքերը չեն պաղած

    մի քիչ աւելի ինքնազպողութիւն անհնա՞ր է

  2. Հ.Շ. says:

    ահա, խոհեմ եւ ազդու մօտեցումը՝
    https://www.aravot.am/2016/04/05/675685/

    Արցախի սեղանի վրայ լինելը, ինքնին միայն, արդէն շատ աւելի իմաստալից է, քան թէ Հայաստանի կողմէ անոր ճանաչման դատարկ, լոկ խորհրդանշական ձեւակերպութիւնը

    իսկ որ չեն ուզում,
    այլեւս աւելորդ ժամանակ չենք կորսնցնելու, այդ անիմաստ սեղանին շուրջ

    կեցցէ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930