Ռուսական «Լայֆնյուզ» հեռուստաընկերության աշխատակիցներին վռնդել են Բաքվից: TACC-ը հաղորդում է , որ այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը, ասելով, որ «Լայֆնյուզի թղթակիցները հանրապետության տարածքում գործում էին առանց հավատարմագրման, բացի այդ, աղավաղում էին իրական վիճակը եւ պատրաստում էին ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»:
Հաջիեւն ասել է, որ ադրբեջանական կողմը նրանց հանդեպ բարի կամք է դրսեւորել, բայց «Լայֆնյուզի» աշխատակիցները շարունակել են իրեն սադրիչ գործունեությունը. «Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանց մնալն Ադրբեջանում աննպատակահարմար գտանք»:
Իսկ «Լայֆնյուզի» թղթակիցը իր հեռուստաընկերության եթերում պատմել է, որ իրենց Ադրբեջանում անընդհատ ճնշել են՝ հենց սկզբից կցելով երկու ոստիկանի, որոնք թույլ չեն տվել ազատ աշխատել եւ ազատ նկարահանումներ կատարել: Սահմանամերձ շրջանում , ըստ Լայֆնյուզի, իրենք եղել են միակ ռուսական ԶԼՄ-ն, եւ շրջանային վարչակազմը անընդհատ վերահսկում էր ոչ միայն իրենց ողջ շարժը, այլեւ այն, թե ինչ են իրենք նկարահանում եւ խոսում: Պարբերաբար տարբեր պաշտոնյաներ նրանց ակնարկել են, որ ավելի լավ կլինի հեռանան երկրից, ի վերջո, պարզապես վռնդել են: Երբ մտել են հյուրանոց, տեսել են, որ իրենց անձնական իրերը խառնված են եւ տարբեր տեղեր նետված: Ոստիկանները նրանց հետապնդել են մինչեւ օդանավակայան:
Մեր կողմից հավելենք, որ «Լայֆնյուզը» թղթակից էր ուղարկել նաեւ Ստեփանակերտ, եւ իր հաղորդումներում ռեպորտաժներ էր տալիս միաժամանակ ե՛ւ Լեռնային Ղարաբաղից, ե՛ւ Ադրբեջանից:
Կարդացեք նաև
Ստեփանակերտից եւ Մարտակերտից արված ռեպորտաժներում մարդիկ ասում են, որ ի տարբերություն Ադրբեջանի, Ղարաբաղը իրենց համար ոչ թե տարածք է, այլ՝ Հայրենիք: Իսկ Ադրբեջանում «Լայֆնյուզի» թղթակիցները նկարահանումներ էին իրականացրել սահմանամերձ Թարթառում, որտեղ մարդիկ թողել էին իրենց տները եւ գիշերում էին մեքենաների մեջ՝ փողոցում: Հավանաբար, հենց այս խուճապային տրամադրությունների արտացոլումն էլ դուր չի եկել Ադրբեջանի ղեկավարությանը: