Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես օգնել «Հրազդան ցեմենտին»

Ապրիլ 05,2016 16:11

Այսօր ԱԺ-ում կառավարությունը նախագիծ էր բերել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային, եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով արտոնություններ տալու մասին:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Հրազդան ցեմենտը» կուտակել է մեծածավալ հարկային պարտավորություններ, ինչը հանգեցրել է նրան, որ ձեռնարկության ամբողջ գույքը եւ բաժնեմասերը, որոնք գրավադրված էին ՎՏԲ-Հայաստան բանկում, կորելու են, ձեռնարկությունը գնում է լուծարման: Ուստի այսպես ասած «Հրազդան ցեմենտը» փրկելու համար, քանի որ Կոտայքում 470 աշխատատեղ է ստեղծում այս սոցիալական պայմաններում, առաջարկում են այդ ձեռնարկության նկատմամբ հարկային եւ սոցապահովության գծով առաջացած տույժերը զիջվեն, որպեսզի հնարավոր լինի շարունակել գործարկումը: Տույժերը կազմում են 512 մլն դրամ, իսկ մայր գումարի հետ միասին ավելի քան 900 մլն դրամ է կազմում պարտավորությունը:

Բացի այդ, Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ գործարանի ողջ բաժնետոմսերն անցել են ՎՏԲ-Հայաստան բանկին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ ինչո՞ւ պիտի այս նեղ իրավիճակում մենք ներենք, ով ձեռք է բերել, թող նա էլ փակի պարտքը. «Ինչո՞ւ պիտի այդ գնորդի ֆինանսական ծախսը բեռնաթափենք: Ինչո՞ւ պետք է այդ սեփականատիրոջ համար այդ լավությունն անենք: Այդ 500 մլն-ը, ով գնում է, թող ուղարկի հիմա ԼՂՀ, մենք շնորհակալություն հայտնենք, ինչո՞ւ պետք է պարտքը ներենք»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Սեփականատերը ՎՏԲ-Հայաստանն է: Որեւէ անձի մենք լավություն չենք անում: Հնարավորություն ենք տալիս գործարանի անընդհատությունն ապահովել եւ ապահովել առնվազն 470 աշխատատեղ: Մենք չենք կարող անտարբեր լինել այսպիսի ձեռնարկությունների մասով: Որեւէ ակնկալիք, որ եթե այս օրենքը չընդունվի, կգա բյուջե՝ չկա: Ձեռնարկությունը ոչ միայն կմասնատվի, կվաճառվի, կգնա լուծարման, այլեւ պետությունը չի կարողանա տալ մարդկանց աշխատավարձերի պարտքը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ սա լրիվ սոցիալիզմ է:

Գուրգեն Արսենյանի էլ ասաց, որ ինքը կողմ կքվեարկի, բայց պետք է պայմաններ դնել սեփականատիրոջ առաջ խոստումները կատարելու:

Արամ Մանուկյանի համար անհասկանալի էր՝ «Սեփականությունը անցել է ՎՏԲ-ին: 4.6 մլն դոլար ՎՏԲ-ն վարկ է ձեւակերպում «Հրազդան ցեմենտի» համար: Ստացվում է, որ բանկը ինքն իրեն վարկ է տալիս եւ իր հիմնարկից տոկո՞ս է ստանալու»:

Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, եթե վարկ է ձեւակերպել, պարզ է, որ տոկոսները կարող է ստանալ. «Մեզ չի հետաքրքրում, թե ով է սեփականատերը: Մենք աջակցություն ենք տալիս «Հրազդան ցեմենտին», որը համարվում է ՀՀ տնտեսության կարեւորագույն ձեռնարկություններից մեկը: Մենք չենք ուզում մտնել սեփականատիրոջ ֆինանսական հաշիվների մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930