Հետախույզ – գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուղարկավորության ժամանակ նախագահը իր ցավակցությունը հայտնեց Սասուն Մկրտչյանի բարեկամներին եւ ասաց. «Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի եւ մեր մնացած նահատակների սխրագործության համար: Բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպես եղավ, որ հայ ժողովուրդը հասավ 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն այստեղ է, այստեղ հանգչող նահատակների գիտակցության մեջ, նրանց շուրթերին: Գիտակցված մահը անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունը այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել: Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը:
Ով ասես եկել, ով ասես գնացել է, էլի են գալու, էլի գնալու, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետեւ մենք գիտենք հավերժ ապրելու բանաձեւը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը եւս:
Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի եւ Հայաստանի նոր սերունդից ճառագող լույսի մեջ է: Եվ այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին»:
Կարդացեք նաև
Նախագահը նշեց, որ այսօր մեր մտքերը մեր սահմաններին կանգնած զինվորների եւ սպաների հետ են, մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում: Բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն. «Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, եւ այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերունդին:
Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որ պաշտպանենք մեր տունը մեր հայրենիքը: Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո եւ քո ընկերների սուրբ գործը: Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հուսանք, որ ռազմի դաշտում նման տղաների անմահությունը կամ էլ հիմա առաջնագծում կանգնածների սխրանքը ջուրը չեն գցի դիվանագիտական դաշտի “զինվորները”: Պետք է ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ամրապնդել այս քաջերի հաջողությունները: