Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն ձյան և մերկասառույցի պայմաններում հնարավոր չէր իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հանձնարարությամբ նախարարության պաշտոնատար անձինք և ճանապարհաշինարարները տեղում արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները՝ խցանումներ թույլ չտալու և երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։
Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։
Տեղեկացնենք նաև, որ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016թ. ծրագրում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ախր ի՞նչ էր մտածում ՀՀ տրանսպորտի նախարարությունը նախկինում,երբ պատերազմական վիճակում գտնվող երկրում Արցախի հետ կապող առայժմ միակ ճանապարհը թողնում էր անմխիթար վիճակում: Արդեն երեք տարի է, ինչ արձակուրդներին մեկնում եմ Արցախ ու ամեն անգամ Սյունիքի դարպասներից սկսած նույն անմխիթար վիճակն է՝ձմռանը չի մաքրվում, իսկ տարվա մյուս եղանակներին փոսեր են: Պիտի պատերազմ սկսվեր, որ նախարարությունը նո՞ր հիշեր իր անմիջական պարտականությունների մասին: