Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհի բարի կամքի տեր մարդկանց

Ապրիլ 05,2016 15:16

ԿՈՉ

աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին

Արդեն մի քանի օր է, շարունակվում են թեժ մարտերը ադրբեջանա-ղարաբաղյան սահմանային գոտու ողջ երկայնքով: Ադրբեջանական իշխանությունների սանձազերծած այս նոր մեծամասշտաբ արկածախնդրությունը միանգամայն սպասելի էր՝ նկատի ունենալով 1994 թվականին հաստատված հրադադարից հետո մշտապես կիրառվող և հատկապես վերջին տարիներին սաստկացած ռազմատենչ հռետորաբանությունը, որը բացահայտորեն հրահրվում է նաև Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից:

Ակնհայտ է այն անթաքույց արհամարհանքը, որ դրսևորում է Ադրբեջանի ղեկավարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի նկատմամբ՝ գերի մնալով իր մաքսիմալիստական նպատակներին, մերժելով ուժայինից բացի որևէ այլ տարբերակ: Ընդ որում, ձեռագիրը նույնն է՝ հարձակում անզեն, խաղաղ բնակչության վրա, ծերերի ու մանուկների գազանային խոշտանգումներ ու սպանություններ, սիրիական պատերազմում իրենց իսկական դեմքը ցույց տված օտար վարձկանների ներգրավում, պատժիչ գործողություններ նահանջող սեփական մարտիկների նկատմամբ…

Սակայն ոչ մի ուժ ու սպառնալիք չի կարող կոտրել արցախահայության ազատատենչ ոգին, դիմադրական կամքն ու վճռականությունը, ոչ մի ագրեսիա անպատիժ չի մնալու:

Հայաստանի գրողների միությունը սատար է հայկական բանակին, նրա հերոս զինվորներին, հայ ժողովրդի դրսևորած հերոսական ոգուն ու հավաքական ուժին։

Վստահ ենք, որ միջազգային կառույցների և ազդեցիկ ուժերի միջամտությունը, ի վերջո, տալու է իր արդյունքը, հանցագործը ստանալու է իր գործողությունների քաղաքական և իրավական գնահատականը՝ նրան վերադարձնելով բանակցությունների սեղանի մոտ, քանի որ սոսկ բռնությունը դատապարտող դիվանագիտական հայտարարությունները, առանց գործնական քայլերի, երբ հավասարության նշան է դրվում ագրեսորի և պաշտպանվողի միջև, փաստացի քաջալերանք են ադրբեջանական ագրեսիային: Այդուհանդերձ, հավատացած ենք, որ դրանում մեծ է նաև հումանիտար հանրության դերը:

Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին, մշակու-թային գործիչներին, գրողներին և արվեստագետներին՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ սեփական հողի վրա իր խաղաղ կյանքը կերտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի նկրտումների, որոնք հղի են տարածաշրջանային և միջազգային լայնամասշտաբ հակամարտության վերածվելու վտանգով:

Հայաստանի գրողների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930