Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «Արդեն ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին»

Ապրիլ 05,2016 14:48

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին, քանի որ Ադրբեջանն արդեն երեկ գիշեր կրակ է բացել Հայաստանի` Տավուշի մարզի վրա: Aravot.am-ի հետ զրուցում պարոն Պողոսյանը մտահոգություն հայտնեց. «Եթե մինչ այս մտածում էինք, որ երևի մեկ-երկու օր է, զինադադարի փոքրիկ խախտումներ են տեղի ունենում, բայց որ այս գիշեր արդեն կրակել են Տավուշի մարզի վրա, սա նշանակում է, որ այդ երկիրը լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացնում»:

Մեր այն հիշեցմանը, թե այս գիշեր Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառել,  որը նրան վաճառել էր Ռուսաստանը, հետևաբար այս պարագայում ի՞նչ սպասել Ռուսաստանից, պարոն Պողոսյանը փաստեց, թե այդ խնդիրը տարբեր քաղաքական ուժեր բազմիցս բարձրաձայնել են. «Մենք միշտ բարձրացնում էինք այս խնդիրը և զգուշացնում, որ եթե այդ զենքը Ադրբեջանը ձեռք է բերել, չի կարող չօգտագործել: Բայց իշխանությունը փորձում էր դա ներկայացնել որպես ընդամենը առևտրային գործարք: Բայց վերջին երկու տարիների ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ են բարձրացնում այդ խնդիրը»:

Պարոն Պողոսյանի համոզմամբ` Հայաստանը պետք է դիմի միջազգային հանրությանն այս հարցով, թեկուզ Մինսկի խմբի համանախագահների առաջ հարցը դնի, քանի որ նրանք բոլորն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներ են. «Պետք է հարցը դնել այսպես, որ սրանից հետո ՄԱԿ-ում բարձրացվի պատժամիջոցների հարց ցանկացած երկրի հանդեպ, որը զենք կվաճառի Ադրբեջանին, Հայաստանին կամ ցանկացած այլ երկրի»:

Կարևորելով միջազգային հանրության հետ աշխատանքը` Թևան Պողոսյանը միևնույն ժամանակ նշեց. «Համարում եմ, որ միակ ուժը, որը հանդարտեցնելու է Ադրբեջանին, լինելու է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակը, որը կարողանալու է այնպիսի ջարդ տալ, որ Ադրբեջանը հանդարտվի»:

Հարցին` որքա՞ն կտևի այս աննախադեպ լարվածությունը, պարոն Պողոսյանը պատասխանեց, թե դա տեղի կունենա այն ժամանակ, երբ «հայկական բանակը Ադրբեջանին այն դասը կտա, որ այլևս ավանտյուրաները իրեն միայն ու միայն կորուստներ են բերում»:

Հիշեցրինք, որ երեկ ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Տոները հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով, պատգամավորն այս մասին ասաց. «Միջազգային հանրությունը գալիս է այն գիտակցության, որ ամենակարևոր խնդիրը ԼՂ հիմնախնդրի մեջ, ազգերի ինքնորոշման իրավունքն է: Եվ Մինսկի խմբի ամենակարևոր նպատակն է լուծել ԼՂՀ կարգավիճակի հարցը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930