Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Այս օրերին լայքեր եւ գումար աշխատող կայքերը տհաճ խոսակցություն կունենան»

Ապրիլ 05,2016 14:32

Ապրիլի 5-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Նա խոսեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակից, անդրադարձավ տեղեկատվական պատերազմներին եւ տեղեկատվական անվտանգության խնդիրներին:

«Ներկա պահին տեղեկատվական պատերազմ է գնում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, եւ խաղի կանոնները այստեղ փոխվում են, այնպես չեն, ինչպես խաղաղ պայմաններում: Բոլորս պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր սխալ տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն կարող է բերել մեր զինվորների մահվանը կամ վիրավորվելուն»,- շեշտեց Քոչարյանը:

Նա նաեւ կոչ արեց շատ ուշադիր լինել ֆեյսբուքյան հաշիվներին, էլեկտրոնային փոստերին եւ կայքերին. «Համատարած գրոհ է գնում ադրբեջանցիների կողմից, որեւէ անծանոթ մարդու հետ չշփվեք, անծանոթ անունով նորահայտ կայքի հղման վրա մի սեղմեք, որեւէ խաղ մի մտեք, որովհետեւ չգիտեք, թե ձեր տեղեկատվությունը որտեղ կհայտնվի ու ինչպես կօգտագործվի: Այս պահին թշնամին աշխատում է խուճապ եւ հուսալքություն տարածելու ուղղությամբ, որպեսզի մեր հանրությունը մտածի, որ պարտություններ ենք կրում իրար վրա:

Կա մի բացասական երեւույթ, որ այսօր է նկատվում, որոշ մարդիկ որոշել են գումար աշխատել, ներկայանում են զինվորների ծնողների կամ բանակային կառույցների անունից, սրանք բոլորը աֆերիստություն են, դեռ չեմ ուզում մտածել, որ դա հայերն են անում…Կան նաեւ դեպքեր, որ զանգում են հայկական համարներից, հնարավոր է՝ հայաստանյան հեռախոսահամարների ինչ-որ քանակ գտնվում է ադրբեջանցիների ձեռքին:

Մի խոսքով, մեզ համար կարեւորը ուշադրությունն է, պետք է հետեւել այն լրատվությանը, որ գալիս է պաշտոնական կառույցներից կամ այն մարդկանցից, որոնք ապացուցել են, որ կարելի է իրենց վստահել: Կան կայքեր, որոնք հղումներ են տեղադրում գումար աշխատելու համար, պատերազմական իրավիճակից հետո այս կայքի տերերը բավականին տհաճ զրույց կունենան»:

Տեղեկատվական անվտանգության մասնագետի ձեւակերպմամբ, իրավիճակը տեղեկատվական դաշտում բավականին լավ է. «Ադրբեջանցիները լավ մոնիտորինգ են արել մեր հասարակության տրամադրության վերաբերյալ, ե՛ւ իրական, ե՛ւ վիրտուալ կյանքում հասարակությունը համախմբված է, ազգի ինքնապահպանման բնազդը աշխատեց, ներկա պահին Արցախում են բոլորը՝ եւ իշխանական թեւից, եւ ընդդիմությունից: 100-ավոր կամավորներ մեզ նամակներ են գրում, առաջարկում են համացանցում իրենց ծառայությունները՝ այլ երկրների ԶԼՄ-ների հետ աշխատելու, թարգմանություններ անելու առումով: Ո՛չ պետք է հիասթափվել, ոչ էլ ընկնել էյֆորիկ տրամադրությունների մեջ, պետք է միշտ սառը դատել»:
Ըստ Տիգրան Քոչարյանի, հայկական կողմին ձեռնտու է Ադրբեջանի տեղեկատվական բլոկադան, իրենք հասկանում են, որ հարձակվող կողմ են եւ հարձակվող կողմը միշտ էլ կորուստներ է ունենում:

Ինչ վերաբերում է թալիշների, լեզգիների հետ աշխատելու հարցին, նրա խոսքով. «Հույսը դնել, որ Ադրբեջանի կազմում ապստամբություն կսկսի, անիմաստ է, հայկական կողմը ապավինում է միայն սեփական բանակի ուժերին»:

Նա փաստում է, որ Հայաստանի սահմանային լարվածությունը կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Արցախում, Ադրբեջանը «ցրում» է ռազմաճակատը տարբեր ուղղություններով. «Այն, ինչ Ադրբեջանը ծրագրում էր անել Արցախում, դատապարտվեց, իրենք ծրագրել էին մի քանի գյուղ գրավել ու դադարեցնել՝ դա Ադրբեջանի հանրությանը ներկայացնելով որպես խոշոր հաղթանակ: Ադրբեջանական սպեցնազը հիմա ահավոր վիճակում է, իրենք շուտով իրենց հասարակ զինվորներին են մարտի դաշտ նետելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930