Քիչ առաջ հետաքննող լրագրող, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որը նախորդ գիշեր գրել էր, թե ծանր գիշեր է սպասվում մեզ, ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ ներկայացրեց տեղից:
«Մեր նկարահանող խումբը դեռեւս հյուսիսում է, շարունակում է նկարահանումներ կատարել տարբեր հատվածներում։ Երեկ ադրբեջանական մեդիան գրեց, որ Մատաղիսը գրավել են։ Բնականաբար սուտ է, բայց փորձեմ բացատրել թե որտեղից է իրենց ստի հիմքը։ Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինատեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են, եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց։
Փախուստը հակառակորդի կողմում է սկսել։ Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են արդյոք կողմերին։
Կարդացեք նաև
Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-ի ներկայացուցիչը՝ հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ Ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ, եւ հենց նրանք են ունեցել մեծաթիվ կորուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ»: