«Ադրբեջանի հարձակումը երկար ժամանակ նախապատրաստված էր: Բոլորն էլ հասկանում էին` այդքան հայտարարությունները, թե Ադրբեջանը հետ է բերելու
«գրավված հողերը», պարզ ցույց էին տալիս, որ այսպես պետք է լիներ: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միշտ էլ ասել են` ամեն օր են պատրաստ պատերազմի: Ադրբեջանը հրադադարի «ծխածածկույթով» հանդես եկավ` աշխարհի աչքերը փակելու համար, բայց մարտերը ծավալվում էին: Մարտական գործողություններն ապացուցեցին, որ մեր բանակը պատրաստ է եւ հրաշալի հակահարված է շարունակելու տալ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
Նա հայտնեց, որ գրողների միությունը շուտով կհրապարակի միջազգային հանրությանն ուղղված բաց նամակ` կոչ անելով դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները:
«Բոլորը զգացին, որ թշնամին սահմանային կռվի համար չէ մտել մարտադաշտ, այլ հայ ժողովրդին կոտրելու նպատակով: Բայց պատմության ընթացքում էլ բարեբախտաբար, թե դժբախտաբար, ճանաչել ենք այդ ժողովրդին, թուրքական եւ ադրբեջանական իշխանություններին: Այսօր Ալիեւի շուրջ բարձրացած օֆշորային սկանդալի պատճառով որոշեցին հարձակվել ԼՂՀ-ի վրա` կատարելով Թուրքիայի պատվերը, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղեն այդ սկանդալից: Հիմա էլ Ռուսաստանին ներքաշելու առիթներ են փնտրում` առանց հասկանալու, որ խաղ են անում մեծ կրակի հետ: Ադրբեջանի կարճամիտ ղեկավարությունը եւ հոգեբանորեն ընկճված Էրդողանն ամեն ինչի պատրաստ են` իրենց իշխանությունը պահելու համար: Բայց հավատում եմ, որ աշխարհի առողջ դատողությունը պետք է գործի: Այս երկու ահաբեկիչ պետությունները ԻՊ-ի փորձառությամբ խաղում են աշխարհի բախտի հետ»,-նկատեց Միլիտոնյանը:
Նրա բնորոշմամբ` միջազգային հանրությունից խաղաղություն չեն խնդրում. «Պարզապես աշխարհը պետք է զգա, որ սա վտանգ է իր համար: Փախստականների անվան տակ ահաբեկիչներին լցրեցին Եվրոպա: Մի՞թե աշխարհը չի տեսնում, թե ում հետ գործ ունի: Միջազգային կառույցներին պետք է ապտակի պես ասել, որ պետք է լծվեն իրենք իրենց պաշտպանելուն, վաղն իրենց էլ են հասնելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ