ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոր է վերադարձել Ղարաբաղից: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիրը պետք է ճիշտ գնահատել՝ այս տարիներին մենք հակառակորդի այս հարձակումների «մինի» տարբերակները տեսել ենք. «Ինքը հարձակվել է, մեր զորքերը ճնշել են, 1 շաբաթ, 10 օր, 1-2 ամիս՝ հանգստացել են, նորից կրկնել: Հիմա ռազմաքաղաքական իրավիճակն այսպիսին է, եթե մենք այս պահի դրությամբ այս պահի ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատեցինք, որտե՞ղ է երաշխիքը, որ 3 օրից նույն բանը չի կրկնվի: Ենթադրենք, որ մենք ապրիլի 1-ի բոլոր դիրքերը հետ գրավեցինք եւ այդ ստատուս քվոյով հաստատեցինք զինադադար: Որտե՞ղ է էլի երաշխիքը, որ մեկ շաբաթ հետո այդ հարձակման փորձը չի լինելու: Հետեւաբար ո՞րն է լուծումը՝ Ղարաբաղում այսպիսի մոտեցում կա քաղաքացիների հետ երբ խոսում եմ՝ պետք է այս փուլում ամեն ինչ անել, որ Ադրբեջանին լուրջ կորուստներ պատճառվի, որպեսզի մենք երաշխիք ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները՝ Ալիեւը գոնե մի տարի շոկից դուրս չի գա»:
Նա ասաց, որ եթե այսօր զինադադարի նոր պայմանագիր կնքենք, անկախ այդ պայմանագրի պայմաններից որեւէ երաշխիք չկա, որ նույնը չի լինելու. «Հետո՞: Հետո մի շաբաթից նորից նույնն է, մենք պետք է դա հասկանանք: Երկու տարի սա կրկնվում է Մովսեսում, Այգեպարում, Ղարաբաղում, բոլոր հնարավոր տեղերում: Քանի որ արդեն ռազմական գործողությունները մեկնարկել են, մեր ռազմավարական նպատակը, սա ես իշխանությունների տեսակետի մասին չեմ խոսում, մարդիկ ամենուր քննարկում են այս հարցը, նրանք հասկանում են, որ շատ լուրջ եւ շոշափելի տարածքային կորուստներ պետք է կրի Ադրբեջանը: Կոնկրետ խնդիր է դրված, որ բավականին տեսանելի քաղաք անցնի ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության ներքո»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հստակ հայտարարվի, որ Ղարաբաղի հարցով այլեւս որեւէ բանակցություն մենք չենք վարելու այնպիսի ձեւաչափերում, որտեղ ԼՂՀ-ն ներկայացված չէ որպես կողմ: Այսինքն, այն բանակցային սեղանը, որտեղ քննարկվում էր Ղարաբաղի հարցը, որտեղ ԼՂՀ ներկայացուցիչը նստած չէ, այդտեղ Հայաստանը ասելիք չունի: Որեւէ մեկը, առանց ԼՂՀ-ի ներկայացուցչի, չպետք է իրեն իրավունք վերապահի քննարկել Ղարաբաղի հարցը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ