ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գիշերն է վերադարձել Մարտակերտից Նա եղել է Ստեփանակերտում, Մարտակերտի դիրքերում, Թալիշի, Մատաղիսի ճանապարհով է վերադարձել եւ լրագրողների հետ զրույցում տեղեկություններ հաղորդեց:
«Մենք ամենակարեւոր արձանագրումը, որ պետք է անենք՝ հետեւյալն է. մենք անընդհատ օգտագործում ենք զինադադարի խախտում տերմինը, հիմա մենք էդ տերմինը պետք է մոռանանք, որովհետեւ սա այլեւս զինադադարի խախտում չէ: Սա պատերազմ է: Մենք պետք է լրջորեն ու խորությամբ սա գիտակցենք՝ սրանից բխող հետեւանքներով»:
Հարցին՝ ասում են՝ լայնածավալ պատերազմ չէ՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Շփման գծի ողջ երկայնքով տեղի են ունեցել մարտական գործողություններ, եւ երկու կողմից՝ հարավից եւ հյուսիսից ադրբեջանական զորքերը Ղարաբաղի տարածք ներխուժելու եւ գրավելու փորձեր են արել: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ շփման գծի ողջ երկայնքով զորքերի կուտակումներ կան: Սա, իհարկե, պատերազմ է: Նույնիսկ համաշխարհային պատերազմի օրերին օրեր են եղել, երբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է»:
Նա ասաց, որ հրետանու պայթյունները, «Գրադ» համակարգի պայթյունները, անօդաչու սարքերի գործողությունները…այդ ամեն ինչը երեւում է Մարտակերտ քաղաքի մեջ. «Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում, անօդաչու սարքեր են ընկնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ