ԱՄՆ սենատի պատգամավոր Մարկ Կիրկը հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների մասին, տեղեկացնում է սենատոր Կիրկի պաշտոնական կայքը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անխոհեմ և անթույլատրելի է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Հայաստանի հետ հրադադարի համաձայնագիրը և անցյալ շաբաթվա վերջից մի շարք միտումնավոր հարձակումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի բռնությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ և կոչ եմ անում նախագահ Ալիևին դադարեցնել ագրեսիվ ռազմական հարձակումները»։
ԱՄՆ սենատորը նշել է նաև, որ ինքը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն ու նախագահ Օբամային հաշվետվություն պահանջել Ալիևից այդ բռնությունների համար և աջակցել խաղաղ բանակցային գործընթացին։