Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ելույթ ունեցող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում ստեղծված լարված իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Վրաստանի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը առավելագույն ջանքեր գործադրել՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մարգվելաշվիլին մասնավորապես ասել է. «Մենք մեծ հույսեր ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը մեծ ջանքեր կգործադրեն, որպեսզի թուլացնեն լարված իրավիճակը և միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ խաղաղ, բանակցային ճանապարհով կհասնեն հակամարտության կարգավորմանը»։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 3-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության անդամների, խորհրդարանականների և անվտանգության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ արտահերթ հանդիպում էր անցկացրել, որի ընթացքում քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները։
Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում 2016թ. ապրիլի 4-ին ելույթ ունեցող Վրաստանի վարչապետը ևս անդրադարձել է վերջին զարգացումներին. «Շատ ենք ցանկանում հույս հայտնել, որ միջազգային հանրության ակտիվ ջանքերով հնարավոր կլինի թուլացնել իրավիճակը, ինչը շատ կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի ՊՆ նախարարը հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի իր պաշտոնակիցների հետ, որի ժամանակ հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղան։
Միաժամանակ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շրջանակներում։
Դրանից ավելի վաղ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդը հայտարարել էր, որ Թբիլիսին կարող է առաջարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով բանակցություններ անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում։