Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից մազապուրծ փախել են անգամ Ռուսաստանին սարսափի մեջ պահող չեչեն ահաբեկիչները». քաղաքագետ

Ապրիլ 05,2016 11:23

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական բանակում վարձկան զինվորականներ ու ահաբեկիչներ ներգրավվելուն, ասաց. «Մենք երբեք չպետք է մոռանանք, որ 1990-94 թվականը Ադրբեջանին արցախյան պատերազմի ժամանակ օգնում էին աֆղան ու պակիստանցի մոջահեդները՝ ահաբեկիչները: Պետք չէ մոռանալ, որ չեչեն ահաբեկիչները՝ Շամիլ Բասաեւը, Ռադուեւը, Բարաեւը, Ուդուկովը երբեւիցե չեն թաքցրել, որ մարտնչել են ադրբեջանցիների կողմից:

Ադրբեջանի կողմից հայերի դեմ մարտնչում էին նաեւ թուրքական «Բոզ գուրտ»՝ մոխրագույն գայլեր ահաբեկչական կազմակերպության անդամները, որոնց ներկայացուցիչը Ադրբեջանում ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովն էր, զարմանալի բան, պետական պաշտոնյա ու բացարձակ չի թաքցնում, որ ինքը «Բոզ գուրտ»-ի անդամ է, այսինքն` ահաբեկիչ է:

Բացարձակ չեմ զարմանա, որ հիմա էլ Լեռնային Ղարաբաղում ի հայտ գան «Բոզ գուրտ»-ի ներկայացուցիչները, որոնք ակտիվ են Թուրքիայում: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց քաղաքական թեւը՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը, Դեւլեթ Բախչելիի գլխավորությամբ հայատյաց հայտարարություններով էր հանդես գալիս՝ քննադատելով Էրդողանի նման ֆաշիստին ադրբեջանցիներին շատ մեծ ուշադրություն չդարձնելու մեջ:

Ես չեմ զարմանա, որ այստեղ նաեւ «Իսլամական պետության» ահաբեկիչները հանդես գան, որովհետեւ մոտ 3000 ադրբեջանցիներ մասնակցում են Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հիմա նրանք օպերատիվորեն «Իսլամական պետության» դաշնակից Թուրքիայի տարածքով չեն տեղափոխվի Բաքու ու չեն հայտնվի Մարտակերտի կամ ասենք Հադրութի ճակատներում:

Այնպես որ՝ բացարձակ սա մեզ համար նորություն չէ, ես չեմ զարմանա, որ ակտիվանան Հյուսիս-կովկասյան ահաբեկիչները, որոնց հետ ադրբեջանցիները շատ սերտ հարաբերություններ են ունեցել, եւ ժամանակին նույն Բաքուն եղել է Հյուսիս-կովկասյան ահաբեկիչների կենտրոնատեղին, Ռուսաստանի դեմ ահաբեկչությունները հովանավորվել են նույն պաշտոնական Բաքվի ու Անկարայի կողմից:

Չպետք է մոռանանք, որ Ալ-Քաիդայի ղեկավար Ուսամա բեն Լադենը հարմարավետ հաստատվել էր Բաքվում: Պատմությունը ցույց է տվել, որ ամբողջ Ռուսաստանին սարսափի մեջ պահող չեչեն ահաբեկիչները ժամանակին մազապուրծ են փախել Լեռնային Ղարաբաղից: Նույնիսկ կա այսպիսի հետաքրքիր պատմություն՝ կապված Շամիլ Բասաեւի հետ, վերջինս, իր ջոկատով մասնակցելով արցախյան պատերազմին, հազիվ է փրկվել գերևարությունից: Նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որ Շամիլ Բասաեւի քրոջ որդին է գերևարվել այդ ժամանակ Արցախում, ու արցախցիները շատ հետաքրքրիր ժեստ են արել, կտրել են նրա երկու ոտքերը ու հանձնել Շամիլ Բասաեւին՝ այսպիսով հասկացնելով, որ չփորձեք ձեր պիղծ ոտքը դնել հայերի հողի վրա: Դրանից հետո Շամիլ Բասաեւը խոստացել է, որ երբեւիցե ինքը Արցախում չի հայտնվի, համացանցում կա տեսանյութը, որտեղ Շամիլ Բասաեւն իր կարծիքն է հայտնում հայ զինվորի վերաբերյալ, թե հայ զինվորն ով է, ով են ադրբեջանցիները»:

Անդրադառնալով ադրբեջանցիների՝ 10 միլիարդ դոլարի չափով Ռուսաստանից, Իսրայելից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բելառուսից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Ղազախստանից զենք գնելուն, Գագիկ Համբարյանը նշեց, որ այդ զենքի կիրառման համար էլ է խելք պետք: «Իսկանդերները, Սմերչները որ գնում են, կարող է տարրական մետաղի ջարդոն դառնալ, եթե այդ զենքը դու կիրառել չգիտես, իսկ կիրառման համար մարդիկ ինստիտուտներ են ավարտում: Այդ զենքը կիրառելու համար ամեն մեկը պիտի գիտենա իր պարտականությունները, ադրբեջանցիները ոչ այդքան հնարավորություններ ունեն սովորելու, ոչ էլ ժամանակ: Դրա վառ օրինակն այն է, որ բլից-կրիգը ձախողեցին, բոլոր առումներով Ադրբեջանը պարտված է:

Մեզ համար ամենակարեւորը մեկն է՝ ադրբեջանցիներին վերջնական ծնկի բերելու համար հայերը պետք վերականգնեն այն ստատուս քվոն, որ եղել է մինչեւ ապրիլի 2-ը, երկրորդ՝ անցնեն հակահարձակման, գրավեն դաշտային Արցախից այլ տարածքներ եւ դա դարձնեն էլ ավելի ծանր պայմաններով բանակցությունների առարկա:

Բացի դրանից՝ Թալիշում տեղի ունեցած այս ոճրագործությունը նորից ցույց տվեց, թե ադրբեջանցիներն ինչ մակարդակի են՝ միջնադարյան վայրագությունը իրենց միջից դեռ չի ելել, ապացուցեց, որ հայերը չեն կարող ադրբեջանցիների հետ ապրել նույն պետության մեջ, ադրբեջանցիների հայտարարությունները, որ իրենք պատրաստ են հայերին ինքնավարություն տալ, սուտ է:

Երիտասարդ ադրբեջանցի զինվորականը կարող է իրեն թույլ տալ կտրելու ականջները 90-ամյա ծերերի, այն էլ կանանց: Խալափյանների ընտանիքի անդամների տարեց մարդկանց խոշտանգելով սպանելը, գնդակահարելը ցույց է տալիս այդ պետության մակարդակը, հայատյացության սանդղակը որտեղ է: Մենք սա պետք է դարձնենք Հաագայում Ադրբեջանի պետությանը պատասխանատվության ենթարկելու առիթ: Մեր միջազգային իրավագետները պետք է սա թմբկահարեն, մեր արտգործնախարարությունը, մեր ԱԺ համապատասխան ստորաբաժանումը՝ արտաքին կապերով զբաղվող, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմում արտաքին հարաբերությունների համար պատասխանատուները՝ այս հարցը շատ մեծ քննարկման առիթ պիտի դարձնեն: Եթե ադրբեջանցիներն ի վիճակի են 90-անց մարդկանց ծեծելով, խոշտանգելով սպանել, ապա ադրբեջանցիների ու հայերի համատեղ ի՞նչ մեկ պետության մեջ ապրելու մասին է պետք խոսել», -ասում է Գագիկ Համբարյանը:

Վերջինս, խոսելով այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին, նշեց, որ մենք արդեն իսկ ապացույցներ ունենք, որ ԼՂՀ-ի թե՛ հյուսիս-արեւելյան, թե՛ հարավ-արեւելյան ռազմաճակատներում կան թուրք ռազմական խորհրդատուներ: Ըստ քաղաքագետի, այս երկու օրերի ընթացքում Թուրքիայի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, արտգործնախարարն ավելի շատ հայտարարություններ են անում, քան Ադրբեջանի պաշտոնատար անձիք: Գագիկ Համբարյանի ասելով, այնպիսի տպավորություն է, որ Թուրքիան է հարձակվել Արցախի վրա, ոչ թե Ադրբեջանը, նույնիսկ բանը հասել է նրան, որ նախորդ օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ եթե Հայասպանը դադարեցնի ռազմական գործողությունները, Ադրբեջանն էլ կդադարեցնի: Ըստ քաղաքագետի, մեր արտգործնախարարությունը շատ կոշտ ձեւով Թուրքիային պետք է իր տեղը ցույց տա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930