Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Մենք գիտակցաբար իրականացնում ենք մայր հայրենիքի զավակի առաքելությունը». «Հրապարակ»

Ապրիլ 05,2016 10:55

Օրվա վերջում հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանը պատրաստ է իր նստավայրում ընդունել մեզ եւ մի քանի րոպե զրուցել։ Հանդիպումը բավականին տպավորիչ էր եւ էմոցիոնալ։ Ես հասկացա, որ Բակո Սահակյանը նախագահի մարդ տեսակ է։ Մեզ համար գուցե տարօրինակ է այդ ձեւակերպումը՝ մարդ-նախագահ, բայց նա իրոք այդպիսին է։ Մեզ համար տարօրինակ էր տեսնել երկրի նախագահ, որը բացի նրանից, որ կարող է կոստյումով ու փողկապով չլինել, արարողակարգային եւ անվտանգության խիստ ձեւաչափ չպահել, նաեւ կարող է գիշերը չքնել, գերհոգնած լինել, նախագահներին ոչ «հարիր» տեսք ունենալ։ Բայց կարող է հարգել լրագրողներին եւ անքուն գիշերվանից հետո իր հանգստի հաշվին զրուցել նրանց հետ։ Ոչ թե գրավոր տեքստ կարդալ, հայտարարություն տարածել, մեղադրել, այլ պարզ ու անկեղծ զրուցել ամենատարբեր, նաեւ ոչ իշխանական լրատվամիջոցների լրագրողների հետ։

Եվ մենք՝ լրագրողներս, որոնց համար երբեմն կարեւոր չէ նախագահի խոսքը, քանի որ փափագում ենք հարց տալ նրան՝ վստահ, որ, մեկ է՝ նորմալ պատասխան չենք ստանալու, այս պարագայում բերաններս բաց լսում էինք նրա խոսքը։ Չնայած՝ Արցախի նախագահը ոչ միայն խոսեց, այլեւ առաջարկեց, որ հարցեր տանք։

Գիշերը դիվերսիոն լայնածավալ հարձակումներ էին եղել մեր դիրքերի վրա, հակառակորդը տանկ ու հրթիռներ էր կիրառել մեր սահմանների ու մոտակա գյուղերի վրա, մենք կորուստներ էինք ունեցել, դիրքեր էինք կորցրել ու զոհ տվել։ Այդ ամենը իմացել էր նա եւ պարզ ու անկեղծ բացատրում էր մեզ իրավիճակը։ Նրա անքուն տեսքն այդ ողջ ինֆորմացիայի լրջության լավագույն վկան էր։ ԼՂՀ նախագահը չթաքցրեց, որ իրավիճակը լուրջ է, կա խնդիր, որը պետք է լուծել, եւ չենք կարող չլուծել։ Եվ հիմա դրանով են զբաղված։ Դրա համար իրեն խորհուրդ էին տվել մեզ հետ հանդիպումից հետո գնալ գոնե մի 20 րոպե հանգստանալ, որ ուժ ունենա զբաղվելու այդ ամենով։ ԼՂՀ նախագահը շատ պարզ ու հասկանալի ներկայացրեց ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը տեղի ունեցածը, որի թվային ու տեխնիկական մանրամասներն արդեն հնացած են ներկայացնելու համար։ Բայց ասաց նաեւ խոսքեր, որոնք հնացող չեն, նույնիսկ այն դեպքում, եթե անգամ մի հրաշքով լուծում ստանա ղարաբաղյան հարցը։

«Հաճախ ես օգտագործում եմ «Մայր Հայաստան» բառակապակցությունը եւ ես գրականությունից չեմ քաղել դա, ես եկել եմ այդպիսի բացահայտման, այդպիսի ընկալման, որովհետեւ մեզ զրկել են Հայաստանից, ինչպես կզրկեին մանուկ երեխային իր մոր կրծքից։ Եվ այդ գիտակցումը թափանցել է մեր մեջ ու մեր ապրելակերպում խորը տեղ է զբաղեցնում։ Եվ ցանկացած ստեղծագործություն, իսկ ես համարում եմ Արցախի ազատագրական շարժումը հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործությունը, ունենում է իր հասցեատերը։ Եվ մենք գիտակցաբար իրականացնում ենք մայր հայրենիքի զավակի առաքելությունը, որից չենք հոգնում, եւ այդ գիտակցումն անսպառ ուժ է հաղորդում մեզ»,- ասաց նա եւ ներողություն խնդրեց, որ «մի քիչ չափից դուրս հոգնած վիճակում է»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930