ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունը կոչ է արել բոլոր երկրների առաջնորդներին մասնակցել մարդասիրական համաշխարհային առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2016թ. մայիսի 23-24-ին Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև, որի ժամանակ հայտարարել է. «Ահա այն ուղերձը, որը ես խնդրում եմ փոխանցել ձեր մայրաքաղաքներին. մասնակցե´ք Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին և ցուցաբերեք առաջնորդին վայել հմտություններ՝ ի պատասխան 21-րդ դարի մարտահրավերներին»։
Բան կի Մունի խոսքերով, գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է պատասխանել բազմաթիվ ճգնաժամերին, որոնք համակել են ամբողջ աշխարհը, ինչպես նաև աջակցել 125 միլիոն մարդու, որոնք կարիք ունեն մարդասիրական անհապաղ աջակցության և պաշտպանության։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքերով՝ գագաթնաժողովի առաջին օրը նախատեսվում է երկրների առաջնորդների և կառավարության ղեկավարների հետ քննարկել մարդասիրական գործունեության ոլորտում հինգ հիմնական ուղղությունները։ Դրանք են՝ պատասխանատվության ապահովում, որը հնարավորություն կտա դադարեցնել և կանխել հակամարտությունները, հարգել պատերազմի օրենքներն ու ավանդույթները, բոլոր կարիքավորներին օգնություն ցուցաբերելը, համապատասխան միջավայր ստեղծել՝ որպեսզի հնարավոր լինի հաղթահարել մարդասիրական ճգնաժամերը և ներդրումներ կատարել մարդասիրական ոլորտում։