«Սա համեստ ֆիլմ է, բայց կարծում եմ, որ շատ կարևոր է: Առհասարակ, կինոարվեստը բազմաթիվ գործառույթներ ունի: Դրանցից մեկը և կարևորը իրական կյանքի վավերացումն է: Այս ֆիլմն հենց այդպիսին է: Հեղինակն իրեն մի կողմ է դնում և ուզում է վավերացնել, պատմությանը թողնել այն, ինչ ունենք այսօր: Իսկ մենք շատ հետաքրքիր բաներ ունենք: Դրանցից մեկը, օրինակ, ստվերների թատրոնն է»,- ասում է ռեժիսոր Գարեգին Զաքոյանը, որը ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի աջակցությամբ 2015 թ. նկարահանել է «Ստվերների թատրոն» վավերագրական ֆիլմը:
Ստվերների թատրոնի մասին պատմող ֆիլմն ապրիլի 4-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացվեց հանրությանը:
Այսպիսի ֆիլմ նկարահանելու գաղափարը Գարեգին Զաքոյանի մեջ ծնվել է, երբ առաջին անգամ առիթ է ունեցել ստվերների թատրոն դիտելու. «Շատ հավանեցի և մտածեցի, որ իմ նման հազարավոր մարդիկ կան, որոնք երբևէ չեն տեսել, միգուցե առիթ էլ չունենան: Այդպես ցանկություն առաջացավ ֆիլմ նկարահանելու, որպեսզի շատերը կարողանան ծանոթանալ ստվերների թատրոնին»,- ֆիլմի ցուցադրությունից առաջ պատմեց ռեժիսորը:
Գարեգին Զաքոյանի խոսքով՝ լույսի ու ստվերի համադրությամբ ներկայացումները մոռացության չեն մատնվել: «Այրոգի» ստվերների թատրոնը, որի անձնակազմը բաղկացած է դեռ 80-ականների սկզբին ստեղծված «Այրուձի» հեծյալ արշավախմբի անդամներից, ամիսը մեկ անգամ ներկայացում է ունենում Երևանում, երբեմն էլ՝ մարզերում:
Իսկ ամեն ինչ սկսվել է 1980-ական թվականներին, երբ մի խումբ երիտասարդներ Հայաստանի գյուղերով ձիարշավ են կազմակերպել՝ հեծյալ խաղերը որպես ազգային մշակույթ քարոզելու համար:
1983-ից հեծյալ արշավների անբաժան մաս է դառնում նաև ստվերների թատրոնը:
60-ական թվականներին էին Հայաստանում վերջին անգամ ցուցադրվել այդպիսի ներկայացումներ: Ստվերների թատրոնը գրեթե մոռացության էր մատնվել:
Տևական դադարից հետո «Այրոգի» թատերախումբը կրկին ցուցադրում է հնուց պահպանված մանրապատումների և հայկական ժողովրդական հեքիաթների հիման վրա ձևավորված ներկայացումներ:
Թատերախմբի խաղացանկում կան նաև 19-րդ դարից պահպանված հայկական ստվերների թատրոնի որոշ բեմադրություններ: Դրանք պահպանել և 1960-ականներին Հայաստանում վերականգնել են Խաչատուր Թումասյանը և Մելքոնենց Հովհաննեսը: Թատրոնի տիկնիկների մի մասը Խաչատուր Թումասյանի տիկնիկների կրկնօրինակներն են, որոնք շարունակում են խաղալ իրենց հեղինակի ստեղծած մանրապատումները: Այդ տիկնիկների բնօրինակները, Գարեգին Զաքոյանի տեղեկացմամբ, այսօր գտնվում են Սարդարապատի թանգարանում:
Նկատենք, որ ստվերների թատրոնը սովորաբար դասում են տիկնիկային թատրոնի շարքը: Ստվերների թատրոնը նրանով է տարբերվում, որ տեսնում ենք ոչ թե տիկնիկին, այլ նրա ստվերը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ