Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատից կախված հրացանն ի վերջո կրակեց

Ապրիլ 05,2016 12:00

Հակառակորդը կրակեց «ռազմավարական դաշնակցի» տված զենքով

Ապրիլի 1-2-ի գիշերը տեղի ունեցավ այն, ինչի մասին նախազգուշացվում էր վաղուց: Նավթի գերեկամուտներով մի քանի միլիարդը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին վերջին մի քանի տարիների ընթացքում տալով՝ Ալիեւ կրտսերը ձեռք բերեց մեծ քանակի սպառազինություն: Այդ զենքը չէր կարող մի օր չկրակել:

Սակայն ինչո՞ւ հիմա: Ինչո՞ւ հենց այդ օրը, երբ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Իլհամ Ալիեւը Միջուկային գագաթնաժողովի բերումով ԱՄՆ-ում անցկացրած հանդիպումներն ավարտելուց հետո պիտի վերադառնային Երեւան եւ Բաքու:

Պատճառները մակերեսին են: Եթե Սերժ Սարգսյանի այցի արդյունքներում որեւէ էական անհարթություններ չկան Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ամրապնդելու հարցում՝ բացի ռուսական հայտնի սահմանափակումներից, ապա Ալիեւի այցի արդյունքներն ուշագրավ են նրանով, որ դրանք պետք է բաժանել երկու մասի:

Ինչ վերաբերում է ապագա նավթային նախագծերին, ապա Ալիեւին գայթակղիչ առաջարկություններ են արվել, եւ այստեղ կարելի է դնել «պլյուս»: Սակայն պարզ է, որ ոչ մի բազմամիլիարդանոց նախագիծ չի կարող աշխատել մի տարածաշրջանում, որտեղ նախագծի շահառուն պետք է շարունակի ապակայունացնել իրավիճակը սեփական երկրում աֆրիկյան մակարդակի կոռուպցիայով եւ բռնաճնշումներով, ինչպես նաեւ շարունակի ապակայունացնել տարածաշրջանն իր առավելապաշտական եւ ռազմատենչ քաղաքականությամբ՝ կապված չկարգավորված Ղարաբաղյան հակամարտության հետ: Եվ Ալիեւին Բայդենի եւ Քերիի կողմից զգուշացվեց, որ միայն խաղաղ ճանապարհն է տանում դեպի կարգավորում, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունել Մինսկի խմբի առաջարկությունները՝ կապված շփման գծում միջազգային հսկողության մեխանիզմների հետ: Իսկ առանց այդ քայլի էներգետիկ որեւէ խոշոր նախագիծ աշխատել չի կարող: Դա էլ նշանակում է նաեւ, որ Ադրբեջանն, ընդունելով այդ առաջարկությունը, կզրկվի պատերազմով շանտաժի լծակից, ինչն Ալիեւի համար անպատկերացնելի է: Եվ այստեղ պետք է դնել մի մեծ «մինուս»:

ԱՄՆ անդրդվելիությունից հուզված՝ Ալիեւին այլ բան չէր մնում, քան «շուռ տալ սեղանը»: Բայց ինքնագլուխ կերպով դա անելու անկանխատեսելի հետեւանքները պատկերացնելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում: Հետեւաբար առանց ավագ «եղբոր» համաձայնության դա անհնարին է: Օրինաչափական հարց է ծագում. ո՞վ է այդ ավագ «եղբայրը», որն ունի այդչափ ազդեցություն: Միացյալ Նահանգնե՞րը, Ռուսաստա՞նը, թե՞ Թուրքիան:

Ամերիկացիներին կարելի է այդ շարքից հանել հենց սկզբից, քանզի հենց ամերիկացիներն են շփման գծում մեխանիզմների ներդրման գաղափարի նախաձեռնողները: Ո՞վ մնաց՝ Թուրքիան եւ Ռուսաստանը: Էրդողանի՞ն, որը դիմագրավում է իրական ընդդիմությանը, շատ թե քիչ ազատ եւ ազդեցիկ մամուլին, սիրիական մարտահրավերին, քրդական պարտիզանական շարժմանը երկրում, որտեղ չկան սեփական էներգակիրներ, բայց կան Ադրբեջանից եկող նավթագազային խողովակներ: Պարզ է, որ հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, «թյուրքական եղբայրություն», «մեկ ազգ՝ երկու պետություն» հակաքաղաքագիտական, բայց գեղեցիկ խոսքեր էլի կհնչեն, բայց էական ապակայունացումը Հարավային Կովկասում, նույնիսկ ոչ Լեռնային Ղարաբաղում, կարող է էապես վտանգել Թուրքիան, եւ ոչ միայն էներգետիկ անվտանգության առումով: Մանավանդ՝ հաշվի առնելով ռուս-թուրքական ներկայիս ճգնաժամը:

Կարելի է չհավանել Էրդողանին, կասկածել նրան հազար ու մի բանում եւ չկասկածել նրա ընդգծված բացասական վերաբերմունքի մեջ Հայաստանի նկատմամբ, բայց անժխտելի է, որ նա չի գնա մի քայլի, որի բացասական հետեւանքներն իր երկրի եւ իր վարչակարգի համար ուղղակի ակնհայտ են: «Եղբայրությունից» օրումեջ խոսելն էլ, ի վերջո, ոչնչի չի պարտավորեցնում, բայց էական ներքաղաքական դիվիդենդներ է բերում՝ մանավանդ, երբ առջեւում է Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հարցը:

Մնում է Ռուսաստանը: Ո՞րն է Մոսկվայի շահը: Մոսկվային Ղարաբաղյան հակամարտության մեջ հակացուցված է թե՛ լայնամասշտաբ պատերազմը, թե՛ խաղաղությունը: Մոսկվային պետք է կառավարելի անկայունություն, որի կառավարման վահանակը կլինի միայն իր ձեռքում, եւ անհրաժեշտությունից ելնելով՝ այդ անկայունության «ջերմաստիճանը» կարելի է բարձրացնել կամ իջեցնել: Իսկ Ալիեւին ԱՄՆ-ում «նեղացնելուց» հետո, այն էլ մի հարցում, որտեղ նաեւ Մոսկվան է կորցնում եւ կորցնում է մեծապես եւ անդառնալիորեն, «ջերմաստիճանի» բարձրացումը դարձավ ուղղակի հրամայական:

Բացի դրանից, այս աննախադեպ սրացման մեջ կա եւս մի համատեքստ. Իրան: Թեժացնելով իրավիճակը Հարավային Կովկասում՝ Մոսկվան եւ Բաքուն ցանկանում են Իրանին եւ նրա էներգակիրների ահռելի պաշարների պոտենցիալ սպառողներին ցույց տալ, որ տարածաշրջանով անցնող հնարավոր երթուղիների մասին մտածել պետք չէ, քանի դա համաձայնեցված չէ Պուտինի եւ Ալիեւի հետ:

Եվ նաեւ այստեղ է, որ Մոսկվայի եւ Բաքվի շահերը համընկան թե՛ ժամանակի, թե՛ տարածության մեջ: Ի վերջո, Մինսկի խմբի ջանքերը, որ ոչ Մոսկվայի, ոչ էլ Բաքվի սրտով չեն՝ դա փաստ է: Եվ որ Մոսկվայի ջանքերը նախկինում՝ բերելու բանակցությունները Մինսկի խմբի հարթությունից ռուս-ադրբեջանական գործարքի դաշտ, տարիների փորձ ունեն՝ դա էլ է փաստ: Ինչպես նաեւ փաստ է, որ ռուսական հարթակներում հայ-ադրբեջանական հանդիպումներին նախորդել է կառավարելի ապակայունացումը…
Եվ պատից կախված հրացանը կրակեց: Մեր հակառակորդը կրակեց մե՛ր իսկ «ռազմավարական դաշնակցի» տված զենքով, մե՛ր իսկ «ռազմավարական դաշնակցի» խորհրդով եւ կրակեց մե՛ր ուղղությամբ:

Հակառակորդը նույնն է: Իսկ դաշնակիցը… Հայաստանի հասարակության իրական եւ միակ ռազմավարական դաշնակիցը նույնպես նույնն է. Հայ Զինվորը, որն ի սրտե եւ փառքով է կատարում իր առաքելությունը: Միայն թե, ի սեր Աստծո, այլեւս զենքի հյուսիսային «բիզնեսմեններին» չկոչեք «ռազմավարական դաշնակից», դա այլեւս մահացու մեղք է:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
05.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930