Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական լարվածության պատճառները

Ապրիլ 05,2016 10:30

Ալիեւը, ձեռնունայն վերադառնալով Վաշինգտոնից,
որոշել է արկածախնդրության դիմել

Ինչո՞ւ է Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ սրում իրավիճակը, մասնավորապես, Արցախ-Ադրբեջան շփման գծում: Այդ հարցի ընդհանուր պատասխանը պարզ է: Որովհետեւ եթե համաշխարհային լրահոսում Ղարաբաղից պարբերաբար ռազմական հաղորդակցություններ չհայտնվեն, այդ խնդրի մասին աշխարհում կմոռանան, եւ այդ դեպքում status quo-ն կպահպանվի տասնամյակների ընթացքում: Արդյոք Իլհամ Ալիեւին շա՞տ է հուզում այդ հարցը: Հավանաբար, ոչ: Համենայնդեպս, ոչ այնքան, որքան իր հորը, որը փորձում էր այդ խնդիրը կարգավորել: Իլհամը նման իրական փորձեր չի անում, նա պարզապես ցանկանում է, որ Արցախի խնդրի մասին խոսվի: Ինչի՞ համար: Պատճառները տարբեր են: Բայց կարեւորներից մեկն, իհարկե, իր երկրի ներքին կացությունն է:
Ադրբեջանը փակ երկիր է. ի տարբերություն մեզ՝ այնտեղ չի թույլատրվում բարձրաձայն խոսել ահագնացող տնտեսական խնդիրների մասին: Բայց 21-րդ դարում, համացանցի պայմաններում որեւէ բան թաքցնելը դառնում է գրեթե անհնարին: Նավթի գինն ընկել է, եւ որեւէ նշույլ չկա, որ մոտակա տարիներին այն բարելի համար 50 դոլարից բարձր կլինի: Այլ տնտեսական ռեսուրսներ Ադրբեջանը չունի, սոցիալական դժգոհության «առաջին ծիծեռնակներն» արդեն իսկ առկա են, այդ գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ: Բացի նավթային դոլարներից՝ ժողովրդի բերանը փակելու այլ գործիքներ չկան: Մնում է ձեւ անել, թե նա «ազատագրում է ադրբեջանական» հողերը:

Սակայն Ադրբեջանի ռազմական ակտիվացման պատճառները միայն ներքին չեն: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառով վատթարացել են Բաքվի հարաբերությունները Արեւմուտքի եւ, առաջին հերթին, Միացյալ Նահանգների հետ: Ալիեւն այդ ընթացքում բազմիցս մեղադրել է Արեւմուտքին երեսպաշտության եւ երկակի ստանդարտների համար: Կարելի է պնդել նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին նրա դժգոհությունները նույնպես պետք է «վերծանել» նախեւառաջ որպես դժգոհություններ՝ ուղղված ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Վաշինգտոն կատարած այցից առաջ Ադրբեջանի նախագահն, այնուամենայնիվ, որոշակի «բարի կամք» է դրսեւորել՝ ազատ արձակելով մի քանի քաղբանտարկյալի: Ըստ երեւույթին, նա հույս ուներ, որ այդպիսով դրական ֆոն կստեղծի ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումների համար: Բայց «բարի կամքը» չօգնեց: Անցած շաբաթ իր վաշինգտոնյան այցից հետո Ալիեւը չէր թաքցնում իր հիասթափությունը:

Ի՞նչ էր կատարվել Վաշինգտոնում: Իհարկե, այստեղ կարող եմ միայն ենթադրություններ անել: Բայց խնդիրը, հավանաբար, հետեւյալն է: Վաշինգտոնում Ալիեւին հասկացնել տվեցին, որ՝ ա/ ԱՄՆ-ը դեմ է հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծում պարբերաբար բռնկվող կոնֆլիկտների սանձազերծմանը եւ պնդում է դրանց կանխարգելման մեխանիզմների ստեղծման մասին, բ/ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Ֆրանսիան եւ Ռուսաստանը մտադիր չէ առաջարկել Ղարաբաղյան կարգավորման ավելի լավ ծրագիր, քան կա, իսկ առաջարկվող ծրագրում կա Արցախի կարգավիճակի մասին կետ, որը Բաքվի համար անընդունելի է: Ի դեպ, այդ կետն է ակնարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ալիեւի հետ զրույցում:

Մյուս կողմից էլ՝ չեմ կարծում, որ Ռուսաստանն առանձնապես գոհ է Բաքվից, որը սիրիական կոնֆլիկտում, չնայած պաշտոնական «չեզոքությանը», պարզորոշ ձեւով աջակցում է Թուրքիային եւ թրքամետ «չափավոր ընդդիմությանը»: Շփման գծում վերջին սրացմանը ՀԱՊԿ-ի արձագանքը դրա անուղղակի ապացույցն է: Ի հեճուկս Ռուսաստանի հանդեպ չափից դուրս բացասական էմոցիաներ ունեցող մեր մեկնաբանների՝ ես կարծում եմ, որ այս պահին Ռուսաստանը դժվար թե շահագրգռված լինի իրավիճակի սրման հարցում: Իսկ ահա Թուրքիան, որը նույնպես ձեռնունայն վերադարձավ Վաշինգտոնից, այո, շատ է շահագրգռված, որ տարածաշրջանում «պայթյուններ» լինեն, որպեսզի մեծանա իր՝ Թուրքիայի փոքր-ինչ խարխլված դերակատարությունը:
Եվ ահա՝ վերադառնալով Վաշինգտոնից՝ Ալիեւն իր վրդովմունքն արտահայտել է այս, թող թույլ տրվի ասել, հանցագործ ձեւով. «Ախ, աշխարհը չի ուզում իմ ուզածով շարժվել, դե, հիմա տեսեք, թե ես ինչ եմ անելու»: Ոչ առաջին, ոչ էլ վերջին արկածախնդրությունն է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
05.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Դժվար է պատկերացնել որ, առանց «մեծ»ի մը կանաչ լոյսին, Ալիեւը այսպիսի քայլ մը առնէ:

    Իսկ հաւանականութեան – եւ տրամաբանութեան – աստիճանով, երկու ամենամեծերից՝ ո՞րմէկն է, որ իրեն տվեց այդ… “go ahead”-ը ?

    Թուրքիան ալ նոյնպէս, երբ հարցը կու գայ Ռուսաստանին կողը փուշ մտցնելու, Ալիեւի մօտ՝ Սէմ Հոպարին միջնորդն է միայն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930