Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դա ձեր իրավունքն է՝ ընտրել, թե ում հավատաք. ԼՂՀ ԱԳ նախարար. meduza.io

Ապրիլ 05,2016 13:59

Meduza հանրահայտ կայքը երեկ ծավալուն հարցազրույց է հրապարակել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Հարցազրույցը վարել է «Մեդուզայի» սեփական թղթակից Իլյա Ազարը՝ Ստեփանակերտում:

Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ինչի՞ց, այնուամենայնիվ, սկսվեց ռազմական դրության սրացումը ապրիլի լույս 2-ի գիշերը: Ադրբեջանը պնդում է, որ ԼՂՀ-ն է սադրել, իսկ Ղարաբաղում խոսում են ուխտադրուժ հարձակման մասին:

– Ադրբեջանի պահվածքի ողջ տրամաբանությունը՝ ոչ միայն վերջին օրերի, այլեւ հակամարտության ողջ պատմության ընթացքում, բերում էր սրան: Ադրբեջանը հետեւողականորեն մերժում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի առաջարկները՝ շփման սահմանագծին կայունացման ամրապնդման մասին, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, օրինակ՝ սահմանի վրա դեպքերի հետաքննման ավելի գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ, ինչը թույլ կտար կտրուկ նվազեցնել մահվան դեպքերը: Ադրբեջանը նաեւ նպատակաուղղված եւ շատ ջանադրաբար իր երկրում ստեղծում է թշնամու կերպար, որի մեջ մտնում են ոչ միայն Ղարաբաղի հայերը, այլեւ հայերը, որոնք ապրում են, ասենք՝ Սիբիրում կամ Ռուսաստանի կենտրոնում: Նրանք, իրենց ծննդյան փաստով դառնում են ադրբեջանական ժողովրդի թշնամի: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով անգամ խոստացել են բարձրացնել իրենց դրոշը Երեւանում: Բոլորին վերջնականապես եւ միանշանակ պարզ է, թե ով է վերջին դեպքերի հիմնական մեղավորը:

-Բայց ինչ-որ բան պետք է, չէ՞, առաջ բերեր 1994թ. ավարտված պատերազմից հետո հակամարտության ամենամեծ սրումը: Ինչո՞ւ դա եղավ հենց հիմա:

-Այս արկածախնդրությունը սկսելու որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով՝ դա փաստ է: Գլխավոր պատճառներից մեկը լիակատար փակուղին էր, որի առջեւ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը կանգնեցրեց իր երկիրը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ոլորտներում:

-Ռուսաստանյան որոշ փորձագետներ ասում են, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները կարող են կապ ունենալ ինչպես Ալիեւի վերջին այցի հետ Վաշինգտոն, այնպես էլ Թուրքիայի նախագահ Էրդողանի ազդեցությամբ, որն այս կերպով փորձում է ճնշել Ռուսաստանին:

-Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի նախագահն իր գլխում կառուցում է ինչ-որ մտացածին սխեմաներ եւ փորձում է հասնել ինչ-ինչ քաղաքական արդյունքների, բայց փաստը մնում է փաստ՝ ներկայիս սրացման մեղավորն առաջին հերթին Իլհամ Ալիեւն է:

Այսինքն, դուք պատրաստ չե՞ք խոսել Էրդողանի դերակատարության մասին:

– Միանշանակ է, որ իրավիճակի այժմյան սրումը այն ուժերի օգտին է խաղում, որոնք շահագրգռված են այն բանում, որ մեր տարածաշրջանը լինի ոչ կայուն եւ ոչ կանխատեսելի: Միանշանակ է, որ այն ուժերը, որոնք հակառակն են ցանկանում, որոնք ցանկանում են, որ մեր տարածաշրջանում պատերազմ չլինի, դժգոհ են:

-Իսկ Ռուսաստա՞նը:

-Վստահ եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված է մեր տարածաշրջանում կայունությամբ:

-Ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված ռազմական գործողությունները դուք դիտարկո՞ւմ եք որպես Ղարաբաղը գրավելու իրական փորձ՝ Ադրբեջանի կողմից:

-Վերջին տարիների ընթացքում Ալիեւի բոլոր խոստումները եւ նրա մեծապետական նկրտումները փլուզվում են: Չստացվեց բարգավաճ Ադրբեջան, չստացվեց տարածաշրջանում առաջատար պետություն, չստացվեց աշխարհիկ պետություն, որը հիմա պիտի քայլեր ողջ արեւմտյան աշխարհից առաջ: Ի՞նչ էր ուրիշ մնում նրան: Եկավ իր ժողովրդի առջեւ հաշիվները փակելու ժամանակը:

-Այսինքն, դա քարոզչական քա՞յլ էր՝ ներքին օգտագործման համա՞ր:

– Արտաքին թշնամու պատկերի օգտագործումը՝ ներքին իշխանությունն ամրապնդելու համար հատուկ է բոլոր բռնապետերին եւ ամբողջապետական երկրների ղեկավարներին:

-Ադրբեջանի հարձակումը հե՞տ է մղվել:

Փոքրիկ ղարաբաղյան բլիցկրիգը տապալվեց: Ցավոք, հիմար մարդիկ սխալներից դաս չեն քաղում: Նրանք շատ լրջորեն սխալվեցին իրենց հաշվարկներում: Այո, ղարաբաղյան բանակը փոքր է, եւ մենք չենք թաքցնում, որ մենք չենք կարող մրցել Ադրբեջանի հետ բազմազան եւ ժամանակակից ռազմական տեխնիկայի քանակով: Բայց մենք ունենք մեր հին, կռիվներում փորձված զենքերը, եւ մենք առաջ ենք գնում մեր ոգու շնորհիվ: Դա արհեստական հայրենասիրություն չէ՝ վերեւից հրահանգված, դա ժողովրդական ոգի է: Ես անգամ կհամեմատեի դա այն հայրենասիրության հետ, որ կար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ:

Նախարարը շեղվում է զրույցից՝ հեռախոսազանգին պատասխանելու համար:

-Ահա խնդրեմ, ինձ զանգահարեց կրթության նախարարը եւ ասաց, որ վաղվանից դպրոցում դասերը կվերսկսվեն:

-Հուսով եմ՝ ոչ Մարտակերտում:

-Գրեթե ամենուր, բացի Մարտակերտից եւ մի շարք ճակատամերձ գյուղերից:

-Բայց չէ՞ որ ժամանակակից զենքերով, որոնց մասին դուք հիշատակեցիք, Ադրբեջանին զինում է Ռուսաստանը, դա ձեզ չի՞ մտահոգում:

-Բնականաբար, այն իրավիճակը, որ հիմա կա սպառազինությունների շուկայում, մեզ չի երջանկացնում, բայց դրա հետ մեկտեղ, մենք ըմբռնումով ենք մոտենում ռուսաստանյան դիրքորոշմանը: Մեզ համար կարեւորն այն է, որպեսզի պահպանվի ռազմական հավասարակշռությունը եւ զենքի մատակարարման մակարդակը Ադրբեջանին թույլ չտա ստանալ որեւէ զգալի առավելություն:

-Դուք ինքներդ քիչ առաջ ասացիք, որ այդ հավասարակշռությունը չկա, եւ որ ձեր բանակը տեխնիկապես թույլ է ադրբեջանականից:

-Մեր բանակը հզոր է ոգով: Ոգի՝ դա այն է, ինչ ունեն ղարաբաղցիները: Մեզ մոտ նախորդ սրացումների ժամանակ էլ մարդիկ, ովքեր կռվել էին առաջին պատերազմի ժամանակ, կոտրում էին զինկոմիսարիատների դռները, որպեսզի գնան ռազմաճակատ: Իրականում ԼՂ յուրաքանչյուր քաղաքացի իրեն պատասխանատու է զգում Հայրենիքի համար:

Բայց չէ՞ որ ստացվում է, որ Ադրբեջանը ձեր դեմ պատերազմում է այն զենքով, որը նրան տալիս է բարեկամ Ռուսաստանը:

-Ադրբեջանին զենք են մատակարարում շատ-շատերը, այդ թվում՝ Եվրոպայից: Խփված անօդաչու սարքն, օրինակ, իսրայելյան արտադրության է: Նման իրավիճակից խուսափելու համար պետք է գործուն քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար:

.- Այդ հակամարտությունը՝ խաղաղ կարգավորման հավանականության առումով, շատերը համեմատում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ: Արդյո՞ք այն ունի որեւէ իրական դիվանագիտական լուծում:

-Վստահ եմ դրանում: Ցավոք, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը անհրաժեշ հետեւողականություն չի ցուցաբերում եւ օգտագործում է շատ մեղմ դիվանագիտական լեզու: Արտաքին աշխարհի համար ընդունված է հակամարտության բոլոր կողմերին չնեղացնելը եւ հավասարապես բոլորի հետ աշխատելը: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը դա ընդունում է որպես «քարտ բլանշ» ՝ նման քաղաքականության շարունակման համար: Ահա Ալիեւը մեկնում է Վաշինգտոն եւ հանդիպում է պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, հայտարարություն է անում խաղաղությանը իր նվիրվածության վերաբերյալ եւ միաժամանակ տալիս է ռազմական գործողություններ սկսելու հրահանգ: Ի պատասխան նրան գովում են խաղաղությանը նվիրվածության համար:

-Բայց ի՞նչ դիվանագիտական լուծում կա: Ադրբեջանը երբեք չի համաձայնվի հայկական Ղարաբաղի գոյությանը:

_Ղարաբաղը պատկանում է Ղարաբաղի հայերին, որոնք 1991թ. ինքնորոշվեցին: Այս տարի մենք, ի դեպ, հանդիսավոր կերպով կնշենք հանրապետության 25-ամյակը: Ղարաբաղի ճակատագիրն իր ժողովրդի ձեռքում է, որն ընտրել է անկախ պետության ճանապարհը եւ այդ ճանապարհից մենք չենք պատրաստվում շեղվել:

-Բայց դա դիվանագիտական լուծում չէ:

-Ես կարծում եմ, Ադրբեջանը կհամակերպվի, եթե լինի հստակ եւ ճշգրիտ դիրքորոշում միջազգային հանրության կողմից այն մասին, որ անցյալին վերադառնալ հնարավոր չէ, եւ որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքին: Դա մեզ կտա դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ՝ մշակելու համար պարզ մեխանիզմ, թե ինչպես երկու անկախ պետությունները, որոնք առաջացան Սովետական Միության փլուզումից հետո, ապրեն կողք-կողքի: Մենք դրան պատրաստ ենք:

-Այս օրերին ունենո՞ւմ եք արդյոք որեւէ դիվանագիտական շփումներ Ռուսաստանի հետ:

-Մենք մեր ոչ պաշտոնական խողովակներով փորձում ենք տեղեկություններ հաղորդել, եւ վստահ եմ, որ դա հասնում է ռուսական կողմին:

Պուտինը ապրիլի 2-ին հայտարարություն արեց Ղարաբաղի մասին, նա ոչ մի կողմին չմեղադրեց: Ռուսաստանը դիրքորոշում ունի՞ կռվի վերաբերյալ:

– Ես չեմ ուզում հանդես գալ Ռուսաստանի պաշտպանի դերում, բայց ՌԴ-ն հակամարտության կարգավորման գործընթացքում գլխավոր դերակատարներից է, եւ կարծում եմ, որ այդ գործոնը նույնպես հաշվի է առնվում:

Կարծում եք՝ լուրջ իրավիճակի դեպքում Ռուսաստանը կօգնի՞:

-Իրավիճակն արդեն իսկ լուրջ է:

ԶԼՄ-ները հաղորդում են հայկական կամավորների հոսքի մասին Ղարաբաղ:

-Առաջին հերթին խոսքը գնում է Ղարաբաղի կամավորների մասին: Հայաստանից էլ կան Ղարաբաղ գալու ցանկություն ունեցողներ, որոնք անցել են ղարաբաղյան պատերազմի բովով, բայց նրանք գլխավորապես փորձում են ոգեւորել մեր երիտասարդ տղաներին, որոնք արդեն 18-19 տարեկանում ցուցադրում են հերոսության իսկական օրինակներ:

Վերջին տարիներին հայ հասարակության մեջ բանավեճ էր գնում այն մասին, որ ներկա սերունդը մանրացել է, եւ եթե վաղը պատերազմ լինի, բոլորը կփախչեն: Բայց այսօր նրանք կռվում են հերոսների պես:

– Իսկ ռազմական օգնություն Հայաստանը ձեզ չի՞ տրամադրում:

— Համաձայն Հայաստանի ռազմական հայեցակարգի՝ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը: Տառացիորեն երեկ Հայաստանի նախագահը հանձնարարել է երկրի ԱԳՆ-ին Լեռնային Ղարաբաղի հետ մեկտեղ պատրաստել ռազմական փոխօգնության մասին համաձայնագիր: Բայց առաջին հերթին մենք ապավինում ենք մեր ուժերին:

– Կրակոցների ինտենսիվությունը ապրիլի 3-ից չի նվազել: Հաջողվե՞լ է խուսափել պատերազմից:

-Ադրբեջանի պարագայում դժվար է որեւէ տրամաբանական կանխատեսումներ անել: Նրանց կողմից հանցագործություն է ուղարկել 18-19 տարեկան պատանիներին սպանդանոց: Իսկ հետո էլ՝ թաքցնել թվերը եւ ասել, որ ունեն ընդամենը 12 սպանված:

Բայց նրանք էլ են նույն բանն ասում եւ պնդում են, որ ձեր կորուստները 100 մարդուց ավելի է:

-Մենք մեր կորուստները չենք թաքցնում, եւ այն թվերը, որ հրապարակվել են, իրական են:

– Հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ դժվար է լուսաբանել, քանի որ երկու կողմերը մշտապես հերքում են հակառակ կողմի լուրերը:

-Դա հատուկ է բոլոր հակամարտություններին:

Ձերին՝ հատկապես:

-Դա ձեր իրավունքն է՝ ընտրել, թե ում հավատաք: Կա որոշակի քարոզչական բաղադրիչ, որից երկու կողմերն էլ չեն խորշում օգտվել: Բայց մեր ռազմական լրատվության գլխավոր սկզբունքն է՝ կամ լռել կամ ասել ճշմարտությունը:

Առավել եւս, որ Ղարաբաղում թաքցնել զոհերին անհնար է եւ անհեթեթ: Մեր բնակչությունը 150 հազար է, որի մեծ մասը մեկը մյուսին բարեկամ է, իսկ մյուս մասը ինչ-որ տեղ իրար հետ ծառայել են կամ աշխատել:

-Այսինքն՝ եզրակացությունը սա՞ է՝ դուք ասում եք միայն ճշմարտությունը, իսկ նրանք միայն ստո՞ւմ են:

-Ի՞նչ անեմ ես: Ինչպե՞ս ձեզ համոզեմ: Յուրաքանչյուր լրագրող ինքը պետք է իր համար որոշի այդ խնդիրը: Ես կարծում եմ, որ Ղարաբաղի օդի մեջ մի բան կա, որը խանգարում է ստել: Ալիեւի ռեժիմը վտանգավոր է իր ժողովրդի համար:

Ձեր համար էլ:

Առաջին հերթին՝ իրենց ժողովրդի համար, որովհետեւ նա զրկում է իր ժողովրդին ապագայից:.

Այս պահի դրությամբ ի՞նչ տվյալներ ունեք քաղաքացիական զոհերի մասով: Բացի 12-ամյա տղայից՝ ոչ ոք չի՞ զոհվել:

 Այո, տղան զոհվել է: Նա ուղղակի դպրոց էր գնում, եւ իրեն ու եղբորը կանգնեցրեց պայթյունը: Եղբայրը վիրավոր է: Ես ձեզ ասացի, որ մեզ մոտ ոչինչ թաքցնել հնարավոր չի: Ահա, ես շատ լավ ճանաչում եմ տղայի պապիկի եղբորը: Մեզ մոտ լուրերը վայրկենական տարածվում են ազգականների միջոցով: Նույնը՝ յուրաքանչյուր զինվորի դեպքում:

-Ինչպե՞ս է ձեզ հաջողվել խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում մեծաթիվ զոհերից, եթե Ղարաբաղի իշխանությունները ասում են քաղաքների եւ գյուղերի բազմաթիվ գնդակոծումների մասին:

– (Խփում է փայտին) Դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ վայրենու ձեռքին տեխնիկան պարզապես մետաղի կտոր է:

– Ղարաբաղի բանակը պլանավորո՞ւմ է պատասխան գործողություններ՝ բացի պաշտպանականից: Օրինակ, Ղարաբաղի հյուսիսում Շահումյանի շրջանը վերահսկվում է Ադրբեջանի կողմից:

-Այս պահին մենք չունենք ռազմաքաղաքական նպատակներ, որոնք կպահանջեին ռազմական գործողությունների շարունակություն: Միակ բանը, որ ուզում ենք, այն է, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր եւ վերջնականապես հայտարարի հրադադարի ռեժիմին հետեւելու մասին:

ուսաստանյան խաղաղապահների տարբերակը բացառո՞ւմ եք:

-Իմ անձնական կարծիքով՝ լավագույն խաղաղապահները ղարաբաղյան զինվորներն են:

-Ձեզ մոտ շփման գծի երկայնքով հաճախ են փոխհրաձգություններ լինում, զոհվում են զինվորականներ:

-Բայց մենք պահպանում ենք զինադադարի ռեժիմը:

Այդ զոհերից կարելի էր խուսափել:

-Եթե կարծում եք, որ խաղաղապահների գալուստով Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը՝ դուք մոլորվում եք:

-Ռուսների վրա նրանք հո չե՞ն կրակի:

-Դուք երաշխիքներ ունե՞ք: Այս պահ դրությամբ խաղաղապահների ակտիվ անհրաժեշտություն չկա: Խաղաղապահները մտնում են այն ժամանակ, երբ իրավիճակն ամբողջովին դուրս է գալիս վերահսկողությունից եւ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային կորուստների հեռանկար է բացվում: Այսօրվա դրությամբ ԼՂՀ պաշտպանությն բանակը գործուն կերպով կարողանում է իրականացնել իր գործառույթները:

-Ես կարդացել եմ ամերիկյան վերլուծական Stratfor ընկերության զեկույցը, որում ասվում է, որ այդ Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրում, որպեսզի հետո այստեղ խաղաղապահներ մտցնի եւ ամրապնդի իր ազդեցությունը տարածաշրջանում:

-Իսկ ինչո՞ւ եք Stratfor կարդում (ծիծաղում է): Այ ես կարդում եմ Վալդայան ակումբի զեկույցը:

Ես աշխատում եմ տարբեր աղբյուրներ կարդալ:

-Իսկ ես ընդհանրապես աշխատում եմ վերլուծություններ չկարդալ, որպեսզի գլուխս չմոլորվի եւ չկորցնեմ իրականության զգացողությունը:

Իսկ ինչ կասեք առաջին հայացքից կոմիկ, սակայն գուցե ձեզ համար ոչ կատակերգական լուրի վերաբերյալ այն մասին, որ ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա ձեզ ի՞նչ է տալիս:

-Իսկ ինչո՞ւ է այդ լուրը ծիծաղելի:

Դա լուրջ դիվանագիտական ճեղքում չես կոչի:  

-Դա ԱՄՆ ներկայիս նախագահի հայրենիքն է, նաեւ կարեւոր է, որ Ադրբեջանն այնտեղ ակտիվ լոբբինգ էր անում, ԱՄՆ-ից Բաքու տանելով սենատորների եւ կոնգրեսմենների՝ մասնակցելու բազմամշակութայնությանը նվիրված միջոցառումների: Ընթանում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթաց: Մենք, բնականաբար, այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե Հավային կարող է իրենով փոխարինել ճանաչման պաշտոնական ընթացքը, բայց Հավայիի կողմից ճանաչումը ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ ինչպես պետություն, կայացել է, ի հեճուկս շրջափակմանը, պատերազմին եւ միջոցների սղությանը: Կա այսպիսի հասկացություն՝ failed state («չկայացած պետություն»), դրանց ոչ ոք չի ճանաչում: Իսկ մենք գոյություն ունենք եւ առաջ ենք գնում: Երբ Սովետական միությունը փլուզվեց, բոլոր նախկին հանրապետությունները սկսեցին ապրել նորովի, իսկ մենք ընդհանրապես ոչինչ չունեինք: Ղարաբաղյան ԱԳՆ-ում մարդիկ դիվանագիտություն էին սովորում ոչ թե դիվանագիտական ակադեմիաների միջանցքներում, այլ գործողության մեջ: Ինչ-որ տեղ նրանք սխալվում էին, բայց հիմա Digital Diplomacy-ի վարկանիշով Ղարաբաղի չճանաչված ԱԳՆ-ը զբաղեցրել է 105-րդ տեղը՝  210-ից: Խորհրդարանը, մշակույթի եւ կրթության նախարարությունները՝ ամեն ինչ մենք ստեղծել ենք զրոյից, մեր ուժերով: Սփյուռքն, իհարկե, օգնում է մեզ, բայց մենք էլ ենք աշխատում:

-Իսկ ռազմականացված հասարակությունը չի՞ խոչընդոտում այլ ոլորտներում զարգացմանը:

-Դա ղարաբաղյան փոքրիկ հրաշք է: Բոլոր չափանիշներով՝ մեզ մոտ պետք է լիներ ռազմական կոմունիզմ, բայց մենք դա հաղթահարեցինք, եւ հիմա կա շատ մեծ հանրային դիսկուրս բոլոր խնդիրների առումով: Եվ եկեք չմոռանանք, որ ղարաբաղյան շարժումը Սովետական Միության փլուզման ժամանակ առաջացած ժողովրդավարական իրավունքների եւ ազատությունների մեծ շարժման մի մասնիկն էր:

 

Թարգմանությունը՝ «Առավոտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930