Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է պատրաստվել երկարատև դիմադրության». Ռուբեն Բաբայան

Ապրիլ 04,2016 00:55

«Որքան էլ դաժան է հակառակորդի արածը, հուսով եմ, որ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի պատասխանել նույն ձևով»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորների կողմից Արցախի Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների գնդակահարությանը:

«Մենք պետություն ենք, բանակ ունենք և գտնվում ենք լրիվ ուրիշ քաղաքակրթական դաշտում,- շարունակեց Ռուբեն Բաբայանը.- մենք խաղաղ բնակչության հետ խնդիր չունենք, մեր թշնամին այդ պետության զինվորներն են, այդ մարդասպաններն են: Կարծում եմ՝ սրան կարելի է պատասխանել իսկապես մեծ համախմբվածությամբ, որի դրսևորումը մենք այսօր տեսնում ենք: Սա ամենակարևորն է: Մենք մեզ ուժեղ պիտի զգանք, պետություն զգանք և անենք ամեն ինչ, որպեսզի նման բաներ չկրկնվեն: Մեր խաղաղ բնակչությունը պետք է պաշտպանված լինի»:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ պետք է պատրաստվել երկարատև դիմադրության. «Հասկանում եմ, որ բոլոր լուծումները փոխզիջման մեջ են, բայց պետք է ռեալ նայել իրավիճակին: Ադրբեջանի այսօրվա ղեկավարն իր հայրը չէ, որը պատրաստ էր այդպիսի քայլերի: Սա մի անձնավորություն է, որը թքած ունի մարդկային կյանքի վրա, իսկ լուծում կարելի է գտնել միայն այն ժամանակ, երբ մարդկային կյանքն է քեզ համար առաջնահերթը: Մինչդեռ, մենք գործ ունենք գազանի հետ:

Այս բնութագիրը, սակայն, ես չեմ վերագրում ժողովրդին, որը, երևի թե, ավելի մեծ պատանդ է իր իշխանավորի ձեռքում, քան նույնիսկ այն մարդիկ, որոնք զոհվեցին նրանց ձեռքով: Եվ քանի դեռ այդ գազանը համապատասխան հարված չի ստացել ու իր տեղում չի հայտնվել, մշտապես այսպես է գործելու:

Ցավոք, ազգայնականությունն ու ատելությունը համախմբում են հետամնաց հասարակությունները: Այն, ինչ մենք տեսնում ենք ոչ միայն Ադրբեջանում, այլև ուրիշ երկրներում…

Ես կարծում եմ, որ պետք է պատրաստվել շատ երկար դիմադրության, հասկանալ, որ երկար ժամանակ ապրելու ենք այս վտանգի մեջ: Թեև, իրականում, անվտանգ տեղ աշխարհում չկա: Ահաբեկչական վերջին գործողությունները Եվրոպայի կենտրոնում հաստատեցին դա: Ես չեմ հավատում այս հարցի շուտափույթ լուծմանը և չեմ տեսնում մեծ ցանկություն, առավել ևս ադրբեջանական կողմից, որը գնալով ավելի ու ավելի է կոշտացնում իր պահանջները. փոխզիջման մասին ընդհանրապես խոսք չկա: Միայն մի երգ է երգում՝ դուրս բերել հայկական զորքերը և Ղարաբաղը վերադարձնել նախկին կարգավիճակին: Սա փոխզիջում չէ, սա նրանց կողմից վերջնագիր է, որին երբևէ Հայաստանն ու հայությունը չեն համաձայնի»,- ավարտեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս կացութեան մէջ, այս նիւթի մասին, ճիշդ ի՞նչ իմաստ կարող են ունենալ «տիկնիկային թատրոնի տնօրեն»ին կարծիքները…

    որ մեզի բացատրում է, ի դէպ,
    թէ միմիայն մի հատիկ թուրքի հետ է մեր խնդիրը՝ Ալիեւը

    տեսնենք յետոյ որո՞ւ հանճարեղ կարծիքն են լսելու…

    Յակոբ Պարոնեանի անվան թատրոնի տնօրենի՞նը…

    • Հարգելի Հ. Շ: Ինչ որ մեկը Ձեզ ստիպե՞լ է կարդալ մեր բացառիկ ու փայլուն մտավորականներից մեկի՝ Ռուբեն Բաբայանի կարծիքը: Վստահաբար՝ ոչ, չէ՞:
      Տեղեկացնենք, որ սահմանից եկող տեղեկատվությանը զուգահեռ՝ այո, շարունակելու ենք ներկայացնել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ մտավորականների կարծիքները:

      • Հ.Շ. says:

        Ինծանից աւելի հարգելի Տիկին Իսրայելեան,

        Չեմ պատասխանում պարզապէս հակաճառելու սիրոյն , հաւատացէք, այլ որպէսզի բացատրվիմ:

        Սովորական պայմաններում, այո, իրաւունք ունիք, կարելի է պարզապէս չկարդալ ամէն բան, եւ այդ ձեւով, ամէն ընթերցող ընդհանրապէս գոհ ու հանդարտ է մնալու, կարդալով միայն այն ինչ որ հաճելի է իրեն: Իսկ եթէ պատահի որ յանկարծ մեկնաբանութիւն լինի, լինելու է միայն գովասանք եւ ծափահարութիւն: Շատ բարի:

        Սակայն ահա, գոնէ այս մի քանի օրերը, երեւի այդքան ալ սովորական պայմաններու մէջ չենք:

        Եւ քանի որ բոլորս ծարաւ ենք տեղեկութեան, յոդվածին վերնագիրը կարդալով – զորս կ’ակնարկէ պատերազմական վիճակին -, անհնար էր մնացեալը չկարդալ: Ներողութիւն, որ այդ սխալը գործել եմ:

        Միայն թէ, խնդրեմ, Դուք ալ մի քիչ հասկացող լինէք, եւ նկատի առնէք որ, մի քանի էջ առաջ տեսնելէ ետք սպանված եւ կտրված ականջներով ծերունիները (դէպք մը, որու հետ ուղղակի կապ ունի յոդվածի մէջ արտայայտվածը, առաջին պարբերութիւնից սկսեալ) , մի քիչ դժուար է լսել թէ այդ զոհերի ճակատագիրը ոչ միայն նոյնանման է, այլ մինչեւ իսկ… նվազ վատ է՝ քան թէ ադրբեջանցի ժողովուրդին վիճակը:

        « [ադրբեջանցի ժողովուրդը] ավելի մեծ պատանդ է իր իշխանավորի ձեռքում, քան նույնիսկ այն մարդիկ, որոնք զոհվեցին նրանց ձեռքով: »

        Եւ ե՞ս եմ սխալ բան ըսողը այստեղ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930