Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Բաքվում չեն գտնում ռազմական խայտառակությունը պարտակելու ձեւ»

Ապրիլ 03,2016 21:16

«Առավոտի» հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ

– Արդեն երկու օր է Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացնում: Վերջին երկու տարիների զարգացումները, իհարկե, հուշում էին, որ վաղ թե ուշ լայնածավալ ռազմական գործողություններ կլինեն: Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված Ադրբեջանի կողմից ժամանակի ընտրությունը:

– Ես հետեւել եւ հետեւում եմ հակառակորդի տեղեկատվության հասանելի աղբյուրներին: Անցած երկու օրերի բոլոր հրապարակումներից կարեւոր եմ համարում երկուսը: Նախ, Ադրբեջանի ՊՆ խոսնակը հայտարարեց, որ մարտական գործողություններ են վերսկսվել Քարվաճառի ազատագրման տարելիցի օրը: Երկրորդ, ռազմական մի փորձագետ ասաց, որ «եւս մի ցատկ, եւ մենք կազատագրենք Սարսանգը»: Առաջինը, կարծում եմ, մատնանշում է ժամանակի ընտրությունը, երկրորդը՝ ռազմական նպատակը, որն, իհարկե, ծրագրված էր որպես քաղաքական առավելության հասնելու գործիքակազմի հիմնական բաղկացուցիչ: Այս պահին այլ բացատրություն չունեմ:

– Անգամ այս իրավիճակում, միջազգային հանրության արձագանքը բավական ոչ համարժեք էր: Բոլոր կառույցները կողմերին կոչ անելու շքերթ սկսեցին: Այդ ամենում հստակ էր միայն ՀԱՊԿ-ի դիրքորոշումը`մեղադրանք Ադրբեջանի հասցեին, ԵԽԽՎ նախագահի եւ թուրքական պաշտոնյաների հայտարարությունները` ի սատարումն Ադրբեջանի եւ նկատելի էր ՌԴ-ի ակտիվությունը: Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչն անգամ առաջարկեց. «հաշվի առնելով՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի կապերը, տրամաբանական կլինի կազմակերպել բանակցային հարթակը Մոսկվայում, հնարավոր է ԵԱՀԿ հովանու տակ»:

– Ռուսաստանի արձագանքն, իրոք, ոչ միայն օպերատիվ էր, այլեւ, կարելի է ասել՝ բազմաբեւեռ, ներառյալ մեդիա-տիրույթը: Այս պահին տեղեկատվություն կա, որ Ադրբեջան կայցելեն ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը: Իսկ ՀԱՊԿ արձագանքի առթիվ Ադրբեջանում բավական խուճապահար են, այնքան, որ Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից մեկը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական միջամտության համար ՀԱՊԿ-ը «չունի իրավական հիմնավորումներ»: Կարելի է ամենալայն սպեկտրի ենթադրություններ անել: Ես կարծում եմ, Ռուսաստանին իրոք ձեռնտու չէ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը: Երկրորդ, տպավորություն կա, որ Ռուսաստանը փորձում է վերագնահատել Ադրբեջանի հետ վերջին տասնամյակում սերտ համագործակցության իրական արդյունքները: Վերջապես, Ռուսաստանում խիստ զգուշանում են, որ Թուրքիան կարող է ԼՂ-ում «երկրորդ ճակատ բացել»: Գուցե կա նաեւ այլ շահագրգռվածություն, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունում «առաջին ջութակ» դառնալու առումով, բայց ժամանակը քաղաքագիտական մտավարժանքների տեղ չի թողնում: Հարկ է, որ ձեռնարկվեն հստակ քայլեր:

 – «Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով»,- երեկ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կարծում եք իրադարձությունների զարգացումը կբերե՞ն այդ անհրաժեշտությանը, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ-ն:

– Դա իրականության հրամայականն է: Միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ հայկական զինուժը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: ՀՀ եւ ԼՂՀ ռազմական համագործակցությունն ուղղված չէ որեւէ երկրի դեմ: Իսկ իրավիճակի իրավա-պայմանագրային ամրագրումն, անկասկած, կունենա զսպիչ դեր: Մանրամասնությունների մեջ չխորանալով, կարող եմ ասել, որ այդ դեպքում ԼՂՀ-ն կդառնա անվտանգության այն միջավայրի սուբյեկտ, որ ստեղծել է ՀՀ-ն անկախության 25 տարիների ընթացքում:

 – Դատելով ռազմական գործողությունների ընթացքից եւ հրադադարի մասին Ադրբեջանի հայտարարություններից`ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

– Գիտե՞ք, երեկ գիշեր Ալիեւը գումարել է ԱԽ նիստ: Եւ մինչեւ ապրիլի 3-ի օրվա երկրորդ կեսը ոչ մի լուր չկար, թե այնտեղ ի՞նչ հարցեր են քննարկվել: Հետո տարածվեց հակառակորդի ՊՆ հայտարարությունը՝ «մարտական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու» մասին: Իրականում այս պահին էլ Ադրբեջանը կրակը չի դադարեցրել: Տպավորություն կա, որ Բաքվում չեն գտնում ռազմական խայտառակությունը պարտակելու այլ ձեւ, քան կեցվածք ընդունելն է: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կհամարձակվի կանխատեսումներ անել: Ադրբեջանի ռազմական ֆիասկոն ակնհայտ է: Եթե դա ամրապնդվի նաեւ դիվանագիտական նախաձեռնություններով եւ քարոզչությամբ, ապա, թվում է, հնարավոր է իրավիճակ, երբ Բաքուն ստիպված կլինի ստորագրել զինադադարի նոր, իրավական պարտավորություններ սահմանող համաձայնագիր նույն ձեւաչափով, ինչ որ՝ 1994-ին, այն է՝ ԼՂՀ իրավասուբյեկտությունը ճանաչելով:

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930