Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի խոսքով, փորձում ենք բանակցություններով ինչ-որ հարցեր լուծել, պահանջատերը Ադրբեջանն է, որն անընդհատ փորձում է ռազմական ճանապարհով հարցը լուծել:
«Սա նրա փորձերից մեկն է, այս անգամ շատ մեծածավալ փորձ էր: Բայց ինձ թվում է՝ քանի որ նրանք պարտվեցին, ուժեղ հակահարված ստացան, նրանց ախորժակները երկար ժամանակով նորից կսառի, ու պատահական չէ, որ Ալիեւը հայտարարեց, որ համաձայն է շարունակել բանակցությունները: Սկզբում հայտարարում էին, թե բանակցությունները արդյունք չեն բերում, պետք է ռազմական ճանապարհով լուծել: Սա ցույց է տալիս, որ մեր հակահարվածն իր նպատակին հասել է»,- Aravot.am-ին ասաց պարոն Մանուկյանը:
Մեր հարցին՝ արդյոք ի տարբերություն նախորդ միջադեպերի՝ այս անգամ Տավուշի սահմանում Ադրբեջանի գործողություններ չծավալելը նպատակ չունի՞ կանխել ՀԱՊԿ միջամտությունը, պարոն Մանուկյանը շարունակեց. «Կարող է՝ ինչ-որ չափով նշանակություն ունի, բայց կարող է ռազմական նշանակություն էլ ունենա: Ես մի քանի սցենար կարող եմ նկարագրել, որի դեպքում մի բան արժե անել կամ չարժե անել: Դրա մեջ խորանալ չաժե»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի արձագանքին ու այդ կառույցի հնարավոր միջամտելու տարբերակին, պարոն Մանուկյանն ասաց. «Չեմ ուզում խորանալ այդ հոդվածների մեջ, բայց այս կոնֆլիկտի հետ մենք իրենց հետ որեւէ հույս չենք կապում ՝ ոչ ֆորմալ, ոչ էլ իրական առումով: Այդ բանը մոռացեք: Այս երկու օրը կարեւոր հարց էր լուծվում, բայց ռազմի դաշտում: Շատ կարեւոր դեր ունեն քաղաքականությունը եւ այլ գործոններ, բայց եթե ռազմի դաշտում դու հաղթում ես, մնացած հարցերը դառնում են լուծելի:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ Ադրբեջանն այս պահին սկսեց իր գործողությունները, հեշտ կարելի է բացատրել. մի կողմից՝ նավթի գներն իջնում են, մյուս կողմից ներքին լարվածություն ունի ու մտածում է՝ իր վերջին հնարավորությունն է: Իհարկե, մեծ նշանակություն ունի նաեւ Թուրքիան: Էրդողանն ինչ ուզում է, անում է, ու իրեն ներվում է Արեւմուտքի կողմից: Ադրբեջանն օրինակ է վերցնում Էրդողանից, Էրդողանն էլ դրդում է Ադրբեջանին այս ճանապարհով գնալ, իրենց թվում է, որ հիմա հարմար պահ է դրա համար: Միակ ձեւը դա կանգնեցնելու ռազմական ճանապարհն է»:
ՊՆ նախկին նախարարի խոսքով, Հայաստանը չավարտված պատերազմի մեջ է, ու չավարտված պատերազմի մեջ թշնամուն թվաց, թե ինքը կարող է ռազմի միջոցով հարցերը լուծել. «Պարզվեց, որ չի կարող լուծել, դա ցույց տվեց մեր ուժը»:
Մեր հարցին, այսինքն ադրբեջանական կողմի գործողությունները լայնամասշտաբ պատերազմի փորձարկո՞ւմ էին. «Եթե մերոնք նահանջեին ու չկարողանային դիմադրել, սա կդառնար իսկական պատերազմ: Մերոնց գործողությունները կանխեցին սրա վերաճը իսկական լայնածավալ պատերազմի»:
Մեր հարցին՝ ստեղծված իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, ՊՆ նախկին նախարարն ասաց. «Կվերադառնանք բանակցային սեղանի շուրջ: Հետո նորից այսպիսի դեպք կլինի, սա չավարտված բանակցություն է, չավարտված պատերազմ, որն իր մեջ պարունակում է այս վտանգը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ