Քիչ առաջ տեղի ունեցավ ապրիլի 1-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից մահացած 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը: Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, հերթով գալիս էին հրաժեշտ տալու Վլադիմիրին: Նրա հորեղբայրը, որը Ռուսաստանից էր եկել տղայի հուղարկավորությանը մասնակցելու, ասաց, որ Վլադիմիրը հունիսի 2-ին զորացրվելու էր, հունիսի 26-ին էլ լրանալու էր նրա 20 տարին: Հորեղբայրն ասաց, որ թեեւ ինքը վերջին շրջանում Ռուսաստանում է, գնում է արտագնա աշխատանքի, բայց տեղյակ էր, որ եղբորորդին մեծ սիրով է ծառայում, հաճույքով, միշտ գոհ է եղել ծառայությունից:
Ընտանիքի անդամները նրա հետ խոսել էին այս ողբերգությունից երկու օր առաջ: Տղան փոխանցել էր, որ ամեն ինչ լավ է: Նրա բարեկամներից մեկն էլ, որը բնակվում էր նրանց հարեւանությամբ, ասաց, որ Վլադիմիրի հայրը Արցախյան ազատամարտին մասնակցած կամավորական է եղել, վերջինս ղարաբաղյան պատերազմից հետո հիվանդացել է, շաքարային դիաբետ է ձեռք բերել, սկզբում ոտքն են անդամահատել, այնուհետ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն չի հաջողվել փրկել:
Հոր հայրենասիրությունը, Արցախի նկատմամբ եզակի սերը անցել է նրա երկու որդիներն, Վլադիմիրի մեծ եղբայրն էլ նոր է վերադարձել ծառայությունից ու ընտանիքին օգնելու համար 1-2 ամիս առաջ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մայրը, ըստ գյումրեցի բժիշկների, աշխատում է Գյումրու ծննդատանը՝ որպես սանիտար:
Զգացվում էր, որ ընտանիքի սոցիալական վիճակը ծանր է. նրանք բնակվում են Գյումրու երկաթգիծ կոչվող թաղամասում. կիսաքանդ, անմարդաբնակ երկհարկանի շենքի առաջին հարկին հարակից կառուցված փոքր տանը: Այդ շենքը ժամանակին եղել է երկաթգծի հեռախոսակայանը, մտադրվել են վերանորոգել ու անօթեւաններին հատկացնել, սակայն ժամանակի ընթացքում փոշմանել են՝ թողնելով այդպես կիսաքանդ: Բարեկամները նույնպես փաստեցին, որ ընտանիքը վատ պայմաններում է ապրում: Տղան, նրանց բնութագրմամբ, ջերմ էր, մարդամոտ, նա մեծ թվով ընկերներ ունի, որոնք, ի դեպ, ոչ մի վայրկյան չէին հեռանում տղայի հարազատների կողքից: «Տեսեք հարեւանությամբ 4 տուն է, այդ չորս տան երեխաների մեջ Վլադիմիրը հատուկ էր, ինչքան կենսախինդ, ասելու չէ», -ասաց նրանց բարեկամը: Վլադիմիրը սովորել է երկաթգիծ ուսումնարանում, իսկ դպրոցական տարիներին ձյուդո է պարապել, նա ֆիզիկապես լավ մարզված վիճակում է եղել: Բարեկամները եւս ասացին, որ Վլադիմիր ուշքումիտքը Արցախ գնալն է եղել, նա է խնդրել, որ իրեն Արցախ ուղարկեն ծառայության:
Կարդացեք նաև
Հոգեհանգստի կարգն անցկացնող քահանա Վարուժան Տերտերյանը, զորակցելով Վլադիմիրի մորն, ասաց, որ ցավը միայն այս օջախինը չէ, ամեն մեկինն է, այն սրտից սիրտ է անցնում, հոգուց հոգի, ու այդ ցավը միավորող ուժ ունի: «Համբերություն բոլորիս, ուժ ներկա պահին մեր սահմանին կանգնած մեր բոլոր զինվորների բազուկներին, եւ թող այդ բազկի ուժը դիմացը կանգնողը տեսնի», -ասաց Տեր Վարուժանը: Երեկ Վլադիմիրի ընտանիքին մխիթարելու էր գնացել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այսօր նրանց տանն էին Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, պատգամավորներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Նրանց տունը թեեւ քաղաքի խորքերում է, սակայն հերոսի ընտանիքին բացարձակ անծանոթ գյումրեցիները, ճշտելով տան տեղը, հերթով գալիս էին ցավակցելու: Արցախի նախագահ Բակո Սահակյանը նրան հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ