Լրահոս
Օրվա լրահոսը

Սա պատերազմ է Թուրքիայի դեմ կամ Ալիևը քավության նոխազ՝ Էրդողանի ձեռքում

Ապրիլ 03,2016 17:54

1994թ.-ից կնքված հրադադարից մինչև 2015թ. վերջերը՝ մոտ 21 տարի շարունակ՝ չհաշված բացառությունները, Ադրբեջանը պահպանում էր հրադադարը: Իսկ ինչ պատահեց, որ Ադրբեջանը 2015թ. վերջերից սկսած սկսեց խախտել լռությունը և համարյա ամենօրյա պարբերականությամբ վերսկսեց կրակոցները: Անկեղծ ասած, 2016թ. ապրիլի 1-ի՝ լույս 2-ի Ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումները անակնկալ չէր ԼՂՀ պաշտպանության բանակի և ընդհանրապես Արցախի և Հայաստանի ժողովրդի համար: Այդ ամենը սպասելի էր, միայն օրը հայտնի չէր:

Անսպասելի էր միայն, որ թշնամու նենգ ուժը կարող էր օդուժով հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերի՝ հատկապես դպրոցների ու մանկապարտեզների ուղղությամբ: Ինչևէ, եղածը՝ եղավ և այս պահին էլ լայնամասշտաբ պատերազմ է ընթանում Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ամբողջ երկայնքով: Այս ամենն ուղիղ կերպով կապված է Սիրիայում ընթացող իրադարձությունների հետ, քանզի լայնածավալ պատերազմական գործողություններն իրականացվում են Թուրքիայի ուղղակի հրահանգով: Այդ կապը կայանում է հետևյալում. վերջին ամիսներին Սիրիական իրադարձությունների ֆոնի վրա, անմիջականորեն բախվեցին Ռուսաստանը և Թուրքիան, որոնց հարաբերությունները մինչև այս պահն էլ չափազանց լարված են:

Եվ, որպեսզի Թուրքիային հաջողվի մեղմել Ռուսաստանի բարկությունն իր նկատմամբ, նա գործի է դրել պարզունակ խաղաքարտ. Բաքվին հրահանգել է ակտիվացնել պատերազմական գործողությունները՝ Արցախի  սահմանագծի ամբողջ երկայնքով, որպեսզի սրված վիճակի և դրա անակնկալ ծանր հետևանքների սլաքն ուղղի Ռուսաստանին, հասկացնելու համար, որ եթե իմ նկատմամբ շարունակես նման վերաբերմունքը, ապա Բաքվի միջոցով հուժկու  հարվածներ կհասցնեմ քո ռազմավարական գործընկերոջը, որը ցավոտ կլինի նաև քեզ համար: Այնպես որ, պարտադրված կլինես փոխել մարտական տրամադրվածությունն իմ նկատմամբ, որի դիմաց՝ ստեղծված սարսափելի վիճակից գոնե ժամանակավորապես կփրկվի փոքր եղբորդ զավակը՝ Արցախը: Այլ խոսքով,  այդ քայլով Թուրքիան փորձում է Ռուսաստանին պարզորոշ հասկացնել տալ, որ Ռուս-Թուրքական լարված հարաբերությունների մեղմացման բանալին տեսնում է ղարաբաղաադրբեջանական լայնածավալ պատերազմի վերսկսման մեջ: Իհարկե, Ռուսաստանը շատ արագ հասկացավ Թուրքիայի այս պարզունակ տրյուկը և ի հակառակ Թուրքիայի սպասումների, շատ կոշտ տոնով պաշտոնական հայտարարություն արեց, որ պետք է շատ արագ դադարեցվեն ռազմական գործողությունները և Մինսկի խմբի ֆորմատով անմիջապես վերսկսվեն խաղաղ բանակցությունները:

Բնավ չարդարացնելով Ալիևին, կարող ենք փաստել, որ նա հիմնականում երկու գլխավոր պատճառներով վերսկսեց լայնածավալ պատերազմական գործողությունները. առաջին՝ Վաշինգտոնում ընթացող միջուկային անվտանգության գագաթաժողովում լիովին հայտնվեց միայնակ՝ մեկուսացված վիճակում, որը լիովին խախտեց նրա հավասարակշռությունը, երկրորդ՝ նա կուրորեն քավության նոխազ դարձավ մեծ եղբայր Էրդողանի ձեռքում: Իրականում, Ալիևը հայտնվել է բացահայտ մեկուսացման մեջ և նրա  ներկայիս վիճակն այնպիսին է, որ նա առանց խորը հաշվարկների, ուղղակիորեն գնաց արկածախնդրության: Նման մեկուսացված վիճակում նրան տեր կկանգնի միայն Էրդողանը, այն էլ վերապահումով, որ իր շահերին հանկարծ չվնասի: Այդ էր պատճառը, որ Վաշինգտոնում Էրդողանն ի օգուտ Ալիևի՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի որևէ քայլ չարեց, քանզի նրա վիճակն էլ՝ վիճակ չէ, քանի որ վառել է իր ֆիշերը աշխարհի շատ երկրների՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ը պատրաստվում է իր դիվանագիտական ողջ կորպուսը ետ կանչել Թուրքիայից, որն էլ խոսում է այն մասին, որ նվազագույնը՝ նորմալից շատ հեռու են ԱՄՆ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները: Հետևաբար, Թուրքիան իր այդքան թույլ դիրքերով չի կարողանա լրջագույն օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որից էլ պետք է մաքսիմալ չափով օգտվի մեր քաջարի բանակը՝ իր անկրկնելի հերոս զինվորներով: Համոզված կարելի է պնդել, որ Ադրբեջանը՝ շախմատային լեզվով ասած, ընկել է ցուգցվանգի մեջ. «Ձեռք է տվել, պետք է խաղա», այսինքն՝ առաջնորդվում է պատերազմը չդադարեցնելու կանոնով: Այլ խոսքով, Ադրբեջանը պարտադրված շարունակում է սխալ հաշվարկված գործողությունները, քանզի այս պահին հետ դարձի ճանապարհ չունի և նրան այդ ճանապարհը ցույց կտան մեր հերոսական ժողովուրդն ու զինված ուժերը:

Գաղտնիք  չէ, որ պատերազմները չարիք են և բացի մարդկային զոհերից ու այլ բազմապիսի  վնասներից, երբեք չեն կարող որևէ լավ բան պարգևել մարդկությանը: Սակայն, ինչպես 90-ական թվականներին, այնպես էլ այս դեպքում, մենք պարտադրված ենք պատերազմել և եթե Ադրբեջանն արագ չդադարեցնի իր նենգ ու վայրագ գործողությունները, ապա պարտադրված կլինենք՝ ազգովին համախմբված հասնել և գրավել Բաքուն ու մեկընդմիշտ վերջ տալ այդ հակամարտությանը: Մեր խիղճը հանգիստ է, քանզի մեր պատերազմն արդար է և մենք պարտադրված ենք պատասխանել ասկյարներ՝ Ալիևի և Էրդողանի սանձազերծած պատերազմին: Դրա վկայությունն է, որ այսօր ամբողջ աշխարհը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները և բացահայտ կոչ անում անմիջապես դադարեցնել ռազմական ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ ու նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: Այդ բոլոր կոչերում նրանք պաշտպանում են Մինսկի խմբի համանախագահների խաղաղ բանակցությունների ֆորմատը և հայտարարում, որ այդ ֆորմատին այլընտրանք չկա:

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. eeh says:

    Մեծարգո խմբագիր, ի՞նչ է նշանակում «վառել է իր ֆիշերը »։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930