Մամուլում տեղեկություններ կան, թե ղարաբաղյան ուժերի դեմ ադրբեջանական զինուժի կազմում իսլամիստ-ծայրահեղականներ են կռվում
Yerevan.today-ն այսօր գրեց, որ իր տեղեկություններով` «Ջաբրայիլի ուղղությամբ, որտեղ հայկական զինված ուժերը վստահ մարտական գործողություններ են իրականացնում, Ադրբեջանը կիրառում է ոչ կանոնավոր զորքեր». խոսքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մասին է:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց` տեղեկությունը հստակ չէ, բայց չի բացառվում, որ Ադրբեջանի զինված ուժերում կան գրոհայիններ նաեւ ծայրահեղական կազմակերպություններից. «Այդպիսի պատմական փորձ ունենք: Ադրբեջանի բանակում կռվել են «գորշ գայլերը», չեչեն- գրոհայինները, նաեւ «Ալ-Քաիդայի» հրամանատարական կազմի ներկայացուցիչներ: Վտանգը հետեւյալն է` սա ահազանգ է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի զինված ուժերի կազմում կարող են լինել ահաբեկիչներ: Այդ պետությունը սերտ հարաբերություններ ունի ահաբեկիչների հետ»:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նկատեց` հնարավոր է, որ Ադրբեջանի կողմից շփման գիծ են դուրս բերվել «անհայտ ծագման» զինյալներ: «Սակայն խոսել այն մասին, որ նրանք «Իսլամական պետության» զինյալներն են, անտրամաբանական է, որովհետեւ «Իսլամական պետությունը» գաղափարապես հակադիր է Ադրբեջանին: Եթե ԻՊ-ն ցանկանա մտնել Ադրբեջան, ապա առաջին թիրախը կլինի այդ երկրի իշխանական վերնախավը, որովհետեւ Ադրբեջանում գործող վարչակարգը շիաական է, այսինքն` ԻՊ-ի առաջին գաղափարական հակառակորդն է: Ադրբեջանական իշխանությունները կարող են անհայտ ծագման զինյալներ դուրս բերել շփման գիծ, այդ թվում` ժամանակին Սիրիայի եւ Իրաքի տարածքում ծայրահեղական խմբավորումների, չի բացառվում` նաեւ ԻՊ-ի կազմում կռվածներին: Բայց ասել, որ ԻՊ-ն Ադրբեջանի կողքին կռվում է Լեռնային Ղարաբաղի դեմ, չի կարելի»,-մեզ հետ զրույցում ասաց արաբագետը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը խոսեց նաեւ կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ: Նա վերջերս էլ բարձրաձայնեց, որ Ադրբեջանը կօգտագործի ջիհադականներին: «Այն, որ իսլամիստները մտել են Ադրբեջան, որ Նախիջեւանում այդ մարդիկ կան, որ Վրաստան էլ են մտնում անկաշկանդ, մի անգամ չէ, որ ասվել է: Թուրքիա են սահում մեծ քանակության ջիհադականներ, որոնք Թուրքիայից ինչ-որ տեղ պետք է գնան, չէ՞… պատկերացնո՞ւմ եք` ուր կգնան.. ուրիշ տեղ չեմ տեսնում, որովհետեւ մենք ունենք բաց դարպաս, հանձինս` Նախիջեւանի: Պարզապես Թուրքիան չի ուզում կոնֆլիկտի մեջ երեւալ, սա թուրքական իշխանությունների վարքագիծն է` նաեւ ԻՊ-ի դեպքում: Եթե մեր դեմ կանգնելու են ջիհադականները, մենք պետք է ունենանք բանակ, որի ոգեղեն մակարդակը կգերազանցի նրանց: Ջիհադականների կարգախոսն է` «Պետք է ավելի ձգտել մեռնել Ալլահի ճանապարհին, քան ուրիշները ցանկանում են ապրել… Միայն այդ դեպքում ձեռք կբերեք գերակայություն»,-նշեց կրոնագետը:
Վարդան Խաչատրյանի խոսքով. «Մեզանում մատների արանքով են նայում այս ամենին եւ համարում, որ օդում խոսում ենք: Ջիհադականները պետք է համոզված լինեն, որ սա այն տարածքը չէ, որտեղ կրող են մտնել եւ մարդկանց տասնյակներով մորթել… չէ՞ որ նրանք ուրիշ բանի սովոր չեն, դա նրանց կյանքն է: Ջիհադականներն ուր գնում են` ձերբակալվում են: Թուրքիան ի վիճակի չէ նրանց իր ներսում պահել, որովհետեւ պայթյունավտանգ զանգված է: Եթե կա հակամարտություն, որը Թուրքիան փորձում է հնարավորինս խթանել, ի՞նչ է լինելու… Ոչ մեկ չի թաքցնում, որ Սիրիայի երկնքում ռուսական կործանիչի խփվելու օրը, շեշտում եմ` հենց այդ օրը, Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն եւ Չավուշօղլուն գալիս են Ադրբեջան` հայտարարելով, որ եկել են հայ-ադրբեջանական խնդիրների շուրջ խոսելու: Հետո տեղեկություն է տարածվում, որ նրանք փորձել են հնարավորինս հրահրել եւ պահանջել Ադրբեջանից, որ լայնամասշտաբ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Դա բոլորը հաստատեցին, այդ թվում` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը: Այդ ժամանակ տանկերը հարձակվեցին մեր դիրքերի վրա: Երկրորդ փուլում, երբ Ալիեւը գնաց Էրդողանի մոտ, դիվերսիոն խմբերը հարձակվեցին: Հիմա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կրկին կոնտակտ է եղել, եւ երեկ եղավ այն, ինչ եղավ… որքա՞ն խաբենք մեզ, որ բան էլ չկա, որ բան էլ չի լինելու…»,-ասաց Խաչատրյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ