Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ նախագահ Էրդողանին. Սեւակ Արծրունի

Ապրիլ 03,2016 15:26
Sevak Arcruni

Հայաստանի Արեւելյան սահմանի ամբողջ երկայնքով պատերազմ է: Թուրքական բանակի կողմից պատրաստված հատուկ ջոկատայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում հայկական գյուղերի վրա:

Ռմբակոծվում են Արցախի հայկական դպրոցները, թուրք-ադրբեջանական ջոկատներն անընդհատ փորձում են ներթափանցել հայաբնակ տարածքներ` հայ անմեղ ու անզեն բնակչության նկատմամբ իրագործելու համաթուրքիկ մոլուցքը:

Թուրքիայի նախագահ Պարոն Էրդողան, սույն նամակով ցանկացա Ձեզ տեղյակ պահել, որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում անցյալին հավատացել են ձեզ ու հույս փայփայել որ դուք կլինեք նոր Թուրքիայի առաջին առաջնորդը, հասկացել են, որ ձեր այդ երազը չիրականացավ: Դուք նույնպես կուլ գնացիք Թուրքիայի ազգայնամոլական խորքային պետությանը:

Դուք, պարոն նախագա՛հ, դասալիք եք:

Լքել եք ձեր անցյալի բոլոր նպատակներն ու իդեալները, եւ հանուն իշխանության այսօր ծառայում եք ձեր իսկ թշնամիներին, թուրք ազգայնամոլությանը:

Դուք դավաճանել եք միջազգային հանրությանը, ովքեր ձեզանից սպասում էին ազատական ժողովրդավարական բարեփոխումներ:

Դուք դավաճանել եք Թուրքիայի հանրությանը, թուրք, քուրդ եւ այլ բոլոր ազգերին, ովքեր ձեզ բերեցին իշխանության գահին, հանուն թուրք ազգայնամոլական խորքային պետությունը արմատախիլ անելու ձեր ուխտին:

Դուք դավաճանեցիք նույնիսկ քաղաքական իսլամի ձեր գաղափարակիցներին, նաքշիբենդիստական եղբայրներին, ու այսօր հարվածում եք չափավորական իսլամի, ազատական իսլամի, ժողովրդավարության եւ խղճի արժանիքների վրա կառուցվող Թուրքիայի մահմեդական հասարակության սկզբունքներին:

Դուք, պարոն Էրդողան, դավաճանել եք բոլորին, ձեր ընկերներին, հարազատներին, ժողովրդին, կրոնակիցներին ու համայն մարդկությանը, որովհետեւ տրվել եք ազգայնամոլական մոլուցքին հանուն իշխանամոլության:

Ես, մահմեդական եւ քրիստոնյա ազատամիտ եւ ազատատենչ մարդկության անունից հայտարարում եմ, որ Թուրքիայի մտավորականության, արցախահայության եւ քուրդ ժողովրդի նկատմամբ Ձեր վարչակազմի որդեգրած քաղաքականությունը արժանի է երիտթուրքական քաղաքական ոգիին:

Բացահայտ է, որ դուք, Թուրքիայում նախագահական համակարգին ի նպաստ սահմանադրական փոփոխությունների հասնելու ցինիկ հաշիվներով, դավաճանելով մահմեդականներին եւ իսլամական արժեքները, ծառայում եք թուրք ազգայնամոլական, կայսերապաշտական, երիտթուրքական ծրագրերին:

Ես, այսօր բացահայտ հայտարարում եմ, պարոն Էրդողան, դուք դավաճանել եք բոլորին, եւ մարդկությունը ձեզ կհիշի որպես դասալիք:

Սեւակ Արծրունի

Երեւան, 3 ապրիլ 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930