Այս պահին Լեռնային Ղարաբաղում շարունակվում են մարտական գործողությունները. Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա անդրադառնալով Ադրբեջանի կողմից այն հայտարարությանը, որ միակողմանի դադարեցնում են մարտական գործողությունները, նշեց, որ վերջին տասներկու ժամվա ընթացքում երկու անգամ այդպիսի հայտարարություն են արել, երկու անգամ էլ իրենց արած հայտարարություններն իրականությունից արմատապես տարբեր են. «Ադրբեջանն այս պահին շարունակում է զինադադարի ռեժիմի խախտումը»:
Արդյոք Ադրբեջանի այդ քայլը նրանց մարտավարությունն է, որպեսզի «թուլացնեն» հանրությանը, թե այլ նպատակ ունեն, Դավիթ Բաբայանն ասաց. «Դա նպատակային է, որպեսզի մոլորեցնեն եւ միջազգային հանրությանը եւ իրենց սեփական հանրությանը»:
Հենակետերի հանձնման մասին էլ պարոն Բաբայանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է. «Ադրբեջանական կողմը ճիշտ է, դուք գիտեք, մի շարք տեղերում գրոհել է, ունեցել են, այսպես ասած՝ առաջընթաց, այնուհետեւ հետ են շպրտվել ելման դիրքեր: Այդ երկու հենակետերն ամենաթեժ կետերն են, եւ այս պահին շարունակվում են գործողությունները: Այդ հենակետերը Հարավում եւ Հյուսիսում են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ