Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան». Հայաստանը պետք է պատրաստ լինի հանդես գալու նոր ստատուս քվոյի իր տեսլականով

Ապրիլ 03,2016 14:32

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը և ցավակցում է դրա հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին ու մերձավորներին:

Մերձավոր Արևելքում և Կովկասում ակնհայտ սուր բախում է առաջացել համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի միջև, ինչը Հայաստանի Հանրապետության, Արցախի և ամբողջ հայության առջև ծառանում է որպես գոյութենական սպառնալիք:

Նման պայմաններում Ադրբեջանի գործողությունները պետք է դիտել որպես Արցախյան հակամարտության գոտում նախկինում հաստատված ստատուս քվոյի պայթեցման փորձ:

Լարվածության ներկայիս մակարդակի տևական պահպանման կամ ուժգնացման պարագայում կարելի է արձանագրել առկա ստատուս քվոյի անվերադարձ կորուստ, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի հանդես գալու նոր ստատուս քվոյի իր տեսլականով և դրա հաստատման գործողությունների նախաձեռնությամբ:

Առկա ռազմական բախման քանակական և որակական բնութագրերից ակնհայտ է դառնում, որ գոյություն ունեցող ստատուս քվոյի վերականգնումը, առավել ևս՝ նոր ստատուս քվոյի հաստատումը, համայն հայությունից պահանջելու է բարոյահոգեբանական, մտավոր ու նյութական ուժերի գերլարում և պաշտպանական ամբողջ զորության մոբիլիզացում:

Արցախյան առաջին պատերազմի հաջողության հիմնական գրավականը ազգային համերաշխության առկայությունն էր, որը նյութական ուժերի անհավասարության պայմաններում հնարավոր դարձրեց հազարավոր քաղաքացիների անձնազոհ նվիրումը, որն էլ իր հերթին ապահովեց մեր ռազմական հաղթանակը:

Մինչդեռ ռազմաքաղաքական անհավասարության պայմաններում սկսված ներկայիս բախումն ընթանում է ազգային համերաշխության տրոհվածության պայմաններում: Ուստի դրա անհետաձգելի և հաստատուն վերականգնումը դառնում է հայկական կողմի մարտունակության ապահովման և հաղթանակի գլխավոր հրամայականն ու անշրջանցելի պայմանը, ինչի համար առաջին հերթին հարկավոր է վերացնել կառավարող քրեաօլիգարխիկ վարչախմբի ու ժողովրդի միջև առաջացած անվստահության վիհը և լարվածությունը:

Դրան հասնելու անհրաժեշտ քայլերը ներառում են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր հանցագործություններ չկատարած անձանց համաներումը, օլիգարխիայի ձեռքում ապօրինի կերպով կենտրոնացած ռեսուրսները Հայրենիքի պաշտպանությանը ծառայեցնելը, սահմանադրականության վերականգմանը և սոցիալական ու իրավական արդարության հաստատմանն ուղղված քայլերը:

Սրանք այն փոխկապված պայմաններն են, որոնք հնարավորություն կստեղծեն ոչ միայն ոստիկանության գերուռճացված ուժերի զգալի մասը պաշտպանության նպատակներին տրամադրելու, այլև ազգային բռունցքման համար անհրաժեշտ բարոյահոգեբանական նախադրյալներն ապահովելու համար:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ համազգային համերաշխությունը վերականգնելուն ուղղված այս նվազագույն պայմանները չկատարելու դեպքում մոբիլիզացիայի և հակառակորդի նկատմամբ հաղթանակի ու խաղաղության հաստատման բոլոր կոչերն արժեքազրկվում են, ուստի վարչախմբի վրա է մնում Արցախն ու հայկական պետականությունը կորստի սպառնալիքի առջև կանգնեցնելու ամբողջ պատասխանատվությունը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930