Այս օրերին սոցցանցերում գրառումներ կան Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյուն հանձնելու վերաբերյալ: Դրանցից մեկում նշված է, որ այդ քայլին են գնում ` հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններ:
Aravot.am-ը Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից հետաքրքրվեց՝ արդյոք արյան կարիք կա՞, մանավանդ սոցցանցերում առկա այդ թեմայով գրառումները կարող են խուճապի տրամադրություն ստեղծել:
Տիկին Հայթայանը պատասխանեց, որ նախարարությունը կազմ ու պատրաստ է ամեն իրավիճակին, սակայն եթե մարդիկ հայրենասիրական մղումներով ցանկանում են նման քայլեր անել, իրենք չեն կարող նրանց հետ պահել: «Ի վերջո այդպիսով նաեւ դոնորության մշակույթ է ձեւավորվում, եւ արյուն պահելու տեղ, փառք Աստծո, կա»,-հայտնեց Անահիտ Հայթայանը:
Նա նաեւ հավելեց, որ արյուն հանձնելու նպատակ ունեցող կամավորները շեշտադրումը անում են հատկապես ռեզուս բացասական արյան վրա, որը ավելի քիչ է հանդիպում: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը նշեց, որ ապրիլի 3-ին արյուն հանձնելու պատրաստակամություն են ցուցաբերել նաեւ ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության որոշ անդամեր, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին էլ առաջարկ է եղել լրագրողների կողմից: «Եթե մարդիկ ցանկանում են արյուն հանձնել, դրա մեջ ոչ մի վատ բան չկա եւ խուճապի մատնվելու հարկ էլ չկա, ամեն ինչ կարգին է, մենք էլ կազմ ու պատրաստ ենք»,-ասաց տիկին Հայթայանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ