Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության մեկ օրը Հայաստանում

Ապրիլ 03,2016 08:03

Կան երկու՝ միաժամանակ գոյություն ունեցող Հայաստաններ՝ Կործանվող և Վերածնվող…

Ներսդ ինչպիսին կլինի՝ այդ Հայաստանում էլ կհայտնվես…

Զաքար Խոջաբաղյան

Մի կույր տատ ունեի` մեկը, ում ծոռն եմ, ասում էր. «Վերևում մի մեծ, սև քար կա` ընկնում է դժգոհողների ու բողոքողների գլխին»: Առակներ էր պատմում, սովորեցնում, որ դժգոհողներն են ծնում դժգոհության պատճառները: Ցեղասպանություն էր տեսել …

Այսօր, երբ մենք բառիս բուն իմաստով վերելքի դժվարին ճանապարհով առաջ ենք շարժվում, ճանապարհին հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, որ մենք կործանվում ենք: Որպես փաստարկ նրանք բերում են արտագաղթը, երկրի դատարկվելը, տնտեսական վիճակը և էլի հազար ու մի բան: Իհարկե, պետք է չափից ավելի պարապ լինել, նրանց բացատրելու համար, որ ազգեր կան, որոնք բնազդով ավելի կարևորում են իրենց լինելիությունը և ցանկացած պահի կարող են պետություն գնել, բայց… դրա համար իրոք հարկավոր է չափից ավելի պարապ լինել: Հայկական հեքիաթներում հերոսին խորհուրդ են տալիս ճանապարհին ետ չդառնալ և չլսել խոսացող ու կանչող քարերին:

Այսօր բողոքում ու լալիս են տղամարդիկ` տաքսիստից մինչև մտավորական: Այ թե կհասցնեիք բողոքել, եթե պատահմամբ 1915-ի ապրիլին որոշեիք նման դատարկախոսությամբ զբաղվել: Այսօր, երբ խաղաղության` թեկուզ հարաբերական օրեր ենք ապրում, ճիշտ ժամանակն է սերմը հողի մեջ դնելու և ջրելու` ոչ թե վատթարագույն կնգա պես լացելու (հոդվածն «Առավոտին» ուղարկվել է մինչեւ «Արցախում» ռազմական գործողությունների վերսկսումը.- խմբ.): Խաղաղության մեկ օրն այսօր ավելին է, քան պատերազմի տարիները:

Այսօր, երբ պետք է փաստել, որ անգամ ցեղասպանությունը մեր հախից չեկավ, որոշները նախընտրում են թույնել` արտագաղթ նկատել ամեն օր, ջահելներին ասել, որ բոլորը գնում են: Մի ավագ ընկեր ասում էր. «Հին ավանդույթի համաձայն խորտակվող նավի վրա մնում են նավապետն ու նավի անձնակազմը` դա պատվի հարց է, իսկ նավն առաջինը լքում են առնետները»: Իրականում Հայաստանը չեն լքում նրանք, ովքեր գնում են Հայաստանից, Հայաստանն առաջին հերթին լքում են նրանք, ովքեր առավոտից իրիկուն հոգեպես լքում են Հայաստանը:

Ժողովրդական մի առած կա. «Անողը պրծավ, ասողը չպրծավ»: Մարդիկ կան միայն խոսում են ու թունավորում խամ ականջատերերին: Կա՞ արդյոք Հայաստանում մի հայ, ով կուզենար, որ Հայաստանն ունենար նույն խնդիրները, որոնք այսօր ունի եվրոպական ցանկացած երկիր: Ոչ իհարկե: Ոչինչ իդեալական չէ` ոչ Եվրոպան, ոչ Հայաստանը, բայց յուրաքանչյուրին տրված են իր խնդիրները: Ով խուսափում է իր բաժին խնդիրները լուծելուց` հավերժ մնում է նույն դասարանում, նույն դժոխքում:

Հայոց աշխարհը միշտ դեպի անդունդ են տարել լացող «մտավորականները», իսկ անդունդից հանել են ազգային գործիչները: Մեր էպոսում իր հարազատ եղբոր վրա ձեռք բարձրացնող Բաղդասարը թողում է իր երկիրը և օտարության մեջ անժառանգ մեռնում: Բայց մեր էպոսում հայերիս ընթացքը դրանով չի ավարտվում: Բաղդասարը կես բուռ ջրից էր ծնունդ առել և նրա պահվածքը հասկանալի է: Փոխարենը մեծը` Սանասարը շենացնում է իր երկիրը և ավելին` լուծում համաշխարհային մասշտաբի հարցեր:

Հայոց Տիեզերավեպում (էպոսում) կա մի դրվագ, երբ սովի ժամանակ մի անհավատ մարդ սկսում է հուսահատություն տարածել.

Էնոնց մեջ մեկ անհավատ մարդ կար,

Կրո անունով, էլավ ասաց.

– Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր,

Տանեմ, տամ՝ իմ էրեխեքն ուտեն։

Ախար ա՛յ մարդ, ու՞ստ կը տաս։

Ես իմ աչքով հաց տեսնեմ,

Ես իմ բերնով հաց ուտեմ,

Ես չեմ հա՛վտենա, ես չեմ հավտենա։

Էն բարի մարդն էդոր անիծեց.

-Կրո՛, հուս ունիմ Աստըծու,

Որ լուսուն հաց կլնի փալասանք,

Որ չես ա՛վատա իմ ասելուն,

Աչքով քո տեսնես, բերնով քո չուտես։

Այս դրվագն էպոսում ավարտվում է բարի մարդու անեծքի իրականացմամբ` անհավատ մարդը տեսնում է լիության օրերը, բայց չի օգտվում այդ ամենից` նրան խարդախության համար սպանում են:

Ասում են` բժիշկ չէ նա, ով հիվանդին ասում է, որ նա մահացու հիվանդ է: Իրոք որ` չէ որ բժիշկը նախ հոգեպես պիտի բուժի և ոչ թե հիվանդին ծանրաբեռնի հիվանդության մասին ավելորդ տեղեկությամբ: Կան մարդիկ, ովքեր բժիշկ չեն, բայց դա կես ողբերգությունն է. ողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ որոշները նման չբժշկին կարող են մոլորվելով բժիշկ ընկալել:

Այսօր մենք կանգնած ենք մի կետում, որտեղից ճանապարհը երկու ուղղությամբ է շարունակվում: Հեքիաթի Հալիվորը մեզ ասում է, մի ճանապարհը լեն ճանապարհն է, մյուսը` գնացող հետ չեկացողի (գեդան-գյալմազի) ճանապարհն է: Ցանկացած ոչխար կընտրի լեն ճանապարհը, որովհետև ոչխարները դեռևս հեքիաթներ չեն կարդում: Իսկ ես, իմ զավակները, ընկերներս, աշակերտներս, հարևաններս, գործընկերներս ընտրում ենք նեղ ճանապարհը: Մենք գիտենք թե ուր է տանում նեղ ճանապարհը. ճանապարհ, որը լացկան ու բողոքող տղամարդկանց համար չէ, ճանապարհ, որը միշտ տանում է դեպի բացարձակ հաղթանակ:

Հերիք է: Գնում եմ հանգիստ քնելու… Երկու հիմնական պատճառով. առաջին` խենթանում եմ երազների համար և երկրորդ` գրամ անգամ չեմ կասկածում, որ այսօրվա ծիլերը վաղը ծառ են լինելու` Կենաց Ծառ:

 

Հայկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

01.04.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Ապրե՛ս, Հայկ ջան, վերջապես մեկը բարձրաձայնեց այն, ինչին երկար սպասում էի:
    Քեզ նմանները կծաղկեցնեն Հայաստանը, որը մեր տունն է, ինչքան էլ որ նա անշուք ու աղքատ լինի: Ապրե՛ես հազար տարով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930