Ռուսաստանն առիթից օգտվում է: Այսպիսի կարծիք ունի պատգամավոր Էդմոնն Մարուքյանը՝ Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչի առաջարկության մասին, թե «հաշվի առնելով՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի կապերը, տրամաբանական կլինի կազմակերպել բանակցային հարթակը Մոսկվայում, հնարավոր է ԵԱՀԿ հովանու տակ»:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ օգոստոսյան սրացումներից հետո, երբ տեղի ունեցավ Սոչիի հայտնի հանդիպումը, մի քիչ հանդարտվեց իրավիճակը. «Ամեն մի նման իրավիճակում փորձ է արվում ռուսական կողմից դիվիդենտներ շահել կամ իրենց դերն արձանագրել: Այդ առումով, կարծում եմ, նրանք առաջինը պետք է արձանագրեն, որ այդքան քանակությամբ իրենց կողմից զենքի վաճառքը պետք է մի օր բերեր այս իրավիճակին: Այսինքն, նախ պետք է դրա համար զղջալ: Այն երաշխիքները, որ ժամանակին տալիս էին հայկական կողմին, պետք էր դրա հետ կապված քայլեր կատարել: Ժամանակին, երբ Հայաստանը դժգոհություն էր հայտնում, որ 4 մլրդ դոլարի զենք է վաճառվել, իրենք ասում էին, թե դա չի խախտի բալանսը տարածաշրջանում, եւ դա որեւէ կերպ ուղղված չի Հայաստանի դեմ՝ մեր ռազմավարական գործընկերոջը եւ այլն: Բայց պարզ էր, չէ՞, որ պատից կախված հրացանը մի օր անպայման կրակում է: Այդքան վաճառված զենքը մի օր պետք է կրակեր: Առաջին հերթին, կարծում եմ, նրանք պետք է այդ ուղղությամբ մտածեն, քայլեր ձեռնարկեն: Ճշտեն՝ այդ պայմանագիրը, որով զենք է վաճառվել, արդյոք եղե՞լ է արգելք՝ ՀՀ-ի դեմ զենք չկիրառելու: Արդյոք այդ երաշխիքներն ամրագրվե՞լ են»:
Ինչ վերաբերում է բանակցությունները Մոսկվա տեղափոխելուն՝ Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Մինսկի խումբն այն բացառիկ խումբն է, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ միաժամանակ մեկ խմբի մեջ են: Նման ձեւաչափ աշխարհում գոյություն չունի: Ուժերի բալանսը շատ կարեւոր է, որ պահպանվի, եւ մի կողմը չվերցնի իր վրա ամբողջական պատասխանատվություն եւ ի շահ իրեն օգտագործի այս կոնֆլիկտը: Դրա համար Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությունը շատ կարեւոր է: Այստեղ կարեւորը ոչ թե մայրաքաղաքն է, այլ, որ երեք կողմերն էլ մասնակից լինեն այդ գործընթացին»:
Իսկ ՀԱՊԿ-ի հասցեական հայտարարությունը, Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «մեր հետեւողական քննադատության արդյունքն է». «Մյուս կողմից ես որեւէ հույս չեմ կապում ՀԱՊԿ-ի հետ: Մեր հույսը մեր բանակն է եւ մեր զինված ուժերը: Ես չեմ պատկերացնում, որ Ադրբեջանի հետ նման սերտ հարաբերություններ ունեցող Ղազախստանը, Բելառուսը ինչ-որ գործողություն կատարեն: Դրա համար ես որեւէ հույս չունեմ այդ առումով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ