Կենտրոնական հոսպիտալի առջեւ լրագրողները հերթապահում են՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարեւան երկրի կողմից այս գիշեր սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինվորների առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հոսպիտալում վեց վիրավոր զինվոր կա, որոնցից երեքի վիճակը կայուն ծանր է, մյուսների մասին լրագրողները տեղեկություն չունեն:
Հոսպիտալի առջեւ մարդիկ են հավաքված: Նրանք իրենց զորակցությունն են հայտնում հայ զինվորներին: Նրանցից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ին ասաց, որ իրենք եկել են՝ իմանալու, թե ինչով կարող են օգտակար լինել մեր հերոս տղաների ապաքինման գործում: «Հենց այս պահին պատրաստ ենք արյուն հանձնել, օգտակար լինել՝ ինչով կարող ենք: Անգամ, եթե մարզերից եկած ծնողներ կան, պատրաստ ենք նրանց գիշերը տանել մեր տները», – ասաց երիտասարդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ