Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Ժամանակն է լուրջ պատժելու, մեր երկիրը փորձադաշտ չէ, որ երբ ուզեն, մտնեն խփեն»

Ապրիլ 02,2016 22:24

Aravot.am-ի հետ զրույցում լրագրող, հրապարակախոս, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին պաշտպանական մարտերից անցնել հարձակվողականի:

Նա մասնավորապես նշեց. «Եթե առավոտյան այս ամբողջը չկանգնի, ուրեմն մեր պետությունը թող կոչ անի, գնանք մեր կիսատ գործը անենք: Դեռ Շահումյան, Նախիջևան ունենք ազատագրելու: Եկեք վերջացնենք սրանց հարցերը, թքած էդ միջազգային կառույցների վրա»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ  և 35-ին մոտ վիրավոր:

Մեր այն հարցին` միջազգային հանրության արձագանքը կատարվածին ի՞նչ ազդեցություն կունենա, և ինչպե՞ս կգնահատի Մոսկվայում` երկու կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու առաջարկը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Երբ մարդու տուն են ներխուժում, նա թքած ունի բոլոր տեսակի, այդ թվում միջազգային կառույցների կարծիքների վրա:  Հարձակվել են մեր երկրի վրա հերթական անգամ, դավադրաբար, և թե ինչ կորոշեն միջազգային կառույցները, հարցի երրորդական, չորրորդական կողմն է: Կարևորը մեր տղերքը համապատասխան պատասխան տվեցին»:

Ըստ ազատամարտիկի` սա քիչ էր մեր ունեցած 18 զոհի համար: Ըստ պարոն Սարգսյանի` ՀՀ իշխանությունները քաղաքական լուրջ որոշում պետք է կայացնեն, այնքան հետ շպրտենք, որ մյուս անգամ մոռանան մերձավոր գյուղը:

Սուրեն Սարգսյանը դրական է գնահատում այն, որ ընդդիմադիր, թե դիմադիր, անգամ Սերժ Սարգսյանին ծայրահեղ քննադատության ենթարկողները հայտարարեցին, որ պատրաստ են մի կողմ դնել տարաձայնությունները և գնալ սահման:

Դառնալով Սարգսյան-Ալիև հանդիպման` Մոսկվայում կազմակերպելու առաջարկին` պարոն Սարգսյանը այն  համեմատեց կատվի վազքի հետ. «Նման հանդիպումն առաջինը չէ: Բայց դա կատվի վազքի պես է, մինչև մարագ հասնելն է: Հենց ուզում են մի խնդիր լուծել, նորից մեր զինվորների արյան հաշվին են լուծում: Կոչ եմ անում մեր իշխանություններին` մեկ անգամ մի կարգին դաս տանք այդ մարդկանց: Եթե պիտի կռվենք, գնանք կռվենք: Սա ի՞նչ վերաբերմունք է: Հա լսում ենք սրան-նրան, հա մտածում  ենք միջազգային կառույցները ինչ կասեն: Պետք է պատժել, որ եկար, հարձակվեցիր տանս վրա, այնպես կավերենք, որ մեկ էլ մոռանաք: Մեկ անգամ պետք է համարժեք պատասխան տրվի: Չճամարտակենք, մենք բոլորս պատրաստ ենք. իմացողը կգնա կկռվի, փառք Աստծո, բանակը կա, մենք փորձ ունենք, տարածքները գիտենք: Պատրաստ ենք: Որ պահին  մեր պետությունը կասի դուրս ենք գալիս, տղերք, դուրս կգանք, ու ինչ որ կիսատ ենք թողել, ավարտին կհասցնենք»:

Մեր հարցին` այժմ ժամանա՞կն է. «Վաղուց ժամանակն է ցուց տալ այդ մարդկանց իրենց տեղը: Երկու կողմն էլ ժողովուրդ է, մենք էլ զինվոր ունենք, նրանք էլ, բոլորի սիրտն էլ իր կորուստների համար ցավում է: Ժողովուրդը մեղք չունի, մեղք ունեն այդ մեծ ու փոքր խաղերը, այդ թվում միջազգային կառույցները: Մեկ անգամ մարդավարի պատասխան պիտի տանք: Առանց ավելորդ հոխորտանքների և ճամարտակելու թող պետությունը քաղաքական որոշում կայացնի, փառք Աստծո,  դեռ մենք կանք, և վստահաբար մի քանի կռվի հնարավորություն ունենք»:

Հարցին` այս պահին իրավիճակի կայունացման հեռանկար կա՞, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Հիմա իրենք նոկդաունի մեջ են, ուզում են հասկանալ, չէին պատկերացնում, որ նման պատասխան կստանան»:

Սուրեն Սարգսյանը շեշտեց, թե կռիվ են ուզում, մեկ անգամ ազգովի, մարդավարի կռիվ տանք, մենք ի վիճակի ենք, թե չէ խնամի-բարեկամ տանել բերելով հոգնեցինք, մեր զինվորներն էլ ափսոս են:

Սուրեն Սարգսյանը եզրափակեց. «Պետք է լուրջ պատժել, հայտարարել, որ մենք ձեզ պատժելու ենք, ինչքան կարելի է: Մեր երկիրը փորձադաշտ չէ, որ հարևանները երբ ուզեն մտնեն խփեն, այս անեն, այն անեն, բոլորիս համար դա պատվի հարց է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930