Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն պատրաստվում է ճանաչե՞լ ԼՂՀ անկախությունը

Ապրիլ 02,2016 22:11

Արամ Կարապետյանը`իրավիճակի եւ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Այս իրավիճակում բավական հետաքրքիր երեք հարցադրում կա, որոնք նաեւ Սերժ Սարգսյանն իր ելույթում շոշափեց: Սերժ Սարգսյանը Բայդենի եւ Քերրիի հետ խոսում է, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների առջեւ հարց է բարձրացնում, որ Ադրբեջանին սանձեն: Հետո Ալիեւն է հանդիպում նրանց հետ, եւ մի քանի ժամ հետո սահմանի ողջ երկայնքով սկսվում են լայնածավալ ռազմական գործողությունները: Ինչո՞ւ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն`անդրադառնալով գիշերվանից ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին`անվտանգության խորհրդի նիստում:

Հաջորդ հարցը մեր զրուցակցի համար ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխգործակցության պայմանագիրն է, որի մասին նախագահ Սարգսյանն ասաց իր ելույթում: «Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով»,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Այդ համաձայնագիրը, որքան ես գիտեմ, արդեն պետք է որ պատրաստ լինի:  Խոսվում էր, որ դրա վրա արդեն աշխատում են: Դա, կարծում եմ, ԼՂՀ-ի ճանաչման քայլերից մեկն է, եթե կոնֆլիկտի էսկալացիան շարունակվի»,- ասաց Արամ Կարապետյանը` հավելելով, որ այդ դեպքում, որպես փոխհամագործակցություն, նաեւ ՀՀ զինված ուժերը կօգտագործվեն. «ՀՀ-ն, որպես պետություն, այդ կոֆլիկտի մեջ ներգրավված չէ, բայց կարող է ներգրավվել, քանի որ 1994 թվականի հրադադարի պայմանագրի կողմ է: Այդ դեպքում, արդեն պարտավոր ենք համաձայնագիր ունենալ»:

Երրորդ հարցն, ըստ Արամ Կարապետյանի, այն է, որ իրավիճակին առավել ակտիվ արձագանքում է ՌԴ-ն. «Թե դա ի՞նչ նպատակ է հետապնդում, կարելի է փորձել ենթադրություններ անել: Բայց, մեծ հաշվով, դա էլ է անհասկանալի, քանի որ մի կողմից ՌԴ-ն Ադրբեջանին մոտ չորս միլիարդի զենք էր վաճառում, ասում էր`բիզնես է, հիմա էլ ակտիվություն է դրսեւորում»:

Դիտարկմանը, ուշագրավ էր հատկապես ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որն առաջին անգամ ու կարծես միակ կառույցն է, որ հստակ մեղադրանք է հնչեցնում Ադրբեջանի հասցեին, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Այո, բայց մի կողմից էլ անհասկանալի է մինչ այդ եղած պահվածքը: Եթե պիտի դատապարտեիր, Ադրբեջանին ասեիր, որ իրեն սխալ է պահում, ինքն է սկսում, ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում: Փաստ է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրներից միայն ՌԴ-ն է ակտիվ: Մյուսներից ձայն չկա. ոչ ԱՄՆ-ից ռեալ բան կա, ոչ Ֆրանսիայից»:

Այս իրավիճակում, մեր զրուցակիցը կարծում է, որ շատ բարդ է Ադրբեջանին կանգնեցնելը եւ իր տպավորություններն է փոխանցում. «ՌԴ-ն թուլանում է, եւ իր քաղաքականությունն էլ անհասկանալի է դառնում`մեկ մտնում է Սիրիա, մեկ դուրս է գալիս, հետո` նորից մտնում է: Թուրքիան էլ իր հակառուսական քայլերի տրամաբանությունը կամաց-կամաց վերածում է հակահայկականի: Աշխարհաքաղաքական իրավիճակն աստիճանաբար հեղհեղուկ է դառնում, եւ, հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ»:

Արամ Կարապետյանը կարծում է, որ մոտ օրերի ընթացքում հնարավոր կլինի հակամարտության լարումը կանգնեցնել, որից հետո, արդեն նոր իրավիճակ է սկսվելու. «Բոլոր կողմերից հնարավոր է դրվի խաղաղապահների մուտքի հարցը, այսպես կոչված «օկուպացված տարածքների» հարցը: Այս էսկալացիան այնքան ուժգին ստացվեց, որ քաղաքական առումով իրավիճակը`բանակցությունների մասով, փոխված է լինելու: Կարծում եմ, մեզ բավականաչափ լուրջ, ասիմետրիկ քայլեր են անհրաժեշտ լինելու` Ադրբեջանին կանգնեցնելու համար»:

Այս ամենում, մեր զրուցակցի համոզմամբ, մեծ նշանակություն են ունենալու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բարդ տնտեսական իրավիճակները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930