«Մենք մեր կռիվը կռվելու ենք եւ տեր ենք կանգնելու մեր սահմաններին, մեր ժողովրդին եւ ազատագրված Արցախին: Բայց միջազգային կառույցները, որոնք պատասխանատվություն են ստանձնել խնդրի խաղաղ կարգավորման համար, այս պահին ոչ թե բառերով, հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով պետք է բռնեն ահաբեկչի ձեռքը: Որովհետեւ այն, ինչ այսօր իրականացնում է Ադրբեջանը` ղարաբաղաադրբեջանական սահմանին, այլ բառով քան ահաբեկչություն, դժվար է որակել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:
Ղարաբաղաադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը պատգամավորը նորություն չի համարում. «Ժամանակ առ ժամանակ մեր հակառակորդը փայլում է այսպիսի անվայելուչ պահվածքով: Այս դեպքում, իրենք անցել են բոլոր չափերը: Ստեղծված իրավիճակում, միջազգային բոլոր կառույցները`նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահներ ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ ԵՄ-ն`ի դեմս Ֆրանսիայի, պարտավոր են հրատապ քայլեր ձեռնարկել`սանձելու համար մեր ռազմատենչ հարեւանին»:
Տիկին Եսայանը կրկնում է իր համոզմունքը, որը բազմիցս է արտահայտել. «Ղարաբաղաադրբեջանական սահմանին մղվող կռիվը մենք կռվելու ենք եւ հաղթելու ենք: Մենք կռվելու խնդիր չունենք, այս իմաստով, անհանգստություն չունենք: Բայց, քանի որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ստանձնել են հարցի խաղաղ կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են գոնե հիմա հստակ դիրքորոշում հայտնել եւ վերջ դնել երկակի ստանդարտներին, որոնցով առաջնորդվել են մինչ այժմ»:
Հիշեցնենք, չնայած առավոտից, միջազգային հանրությանն ուղղված հայկական կողմից հնչած կոչերին`վերջ դնել երկակի ստանդարտներին, արձագանքներում, եւ այլն, կրկին հավասարության նշան էր դրված կողմերի միջեւ, բացառությամբ, ՀԱՊԿ-ի:
Կարդացեք նաև
«Վաղուց ժամանակն է, որ Ալիեւին եւ Ադրբեջանին սեփական տեղը ցույց տալ: Միջազգային կառույցները գոնե այս անգամ պետք է սթափվեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ