Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը դատապարտում են

Ապրիլ 02,2016 21:19

Հայոց Համազգային Շարժում կուսակցության հայտարարությունը

Ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկայի բոլոր միջոցները, այդ թվում` ռազմական ավիացիան, նախահարձակ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, ինչպես նաև՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` պատճառելով մարդկային կորուստներ: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն արժանի հակահարված են տվել ադրբեջանական դիվերսիոն գործողություններին և կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից փխրուն խաղաղության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում՝ կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության բնակչությանը, իշխանություններին, զինված ուժերին` վերահաստատելով, որ ողջ հայ ժողովուրդը, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը, ֆիզիկապես և բարոյապես սատար է կանգնելու Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և հերթական անգամ խաղաղություն պարտադրելու արդարացի գործում:

ԲՀԿ Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով իրավիճակը կրկին սրվել է: Տանկեր, ծանր հրետանի, նաև օդուժ կիրառելով և հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելով՝ Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ է սանձազերծել՝ պատերազմի մարտահրավեր նետելով հայկական կողմին: «Բարգավաճ Հայաստանը», խստորեն դատապարտելով ագրեսորի քաղաքականությունը, որն այդ երկրի պետական քաղաքականությունն է, կոչ է անում միջազգային հանրությանը,մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, համարժեք ու հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին՝ հաշվի առնելով, որ աննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է:«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում»:

«Հայազն» կուսակցության հայտարարությունը

Արցախում վերսկսված մարտական գործողությունները կարող են վերաճել լիարժեք և տևական պատերազմի: Հայոց բանակի գործող ստորաբաժանումները պատվով ստանձնեցին առաջին հարվածը և ռազմաճակատի ողջ երկարությամբ շարունակում են դիմակայել թշնամու նոր հարձակումներին:

Ստեղծված պայմաններում մեր սերնդի պարտքն է վերջնական և լիարժեք հաղթանակով պսակել 1994 թ. անավարտ մնացած ազատագրական պատերազմը՝ ամբողջացնելով Հայոց բնական և անվտանգ սահմաններն արևելքում: Ադրբեջան պետության վերջնական սանձահարումը և մնայուն խաղաղության հաստատումը մեզանից պահանջում է ազգային ներուժի ամբողջական հավաքագրում:

Յուրաքանչյուր պատերազմի արդյունքը որոշում է զինվորի կամքն ու նվիրվածությունը: Ուստի, ինչպես և Արցախյան առաջին պատերազմում անչափ կարևոր է Հայոց կանոնավոր բանակին միացող կամավորական խմբերի նշանակությունը:

Անկախ Հայաստանում իշխող վարչախմբի նկատմամբ ունեցած հստակ մերժողական գնահատականներից, «Հայազն» կուսակցությունը կոչ է անում առաջին հերթին իր անդամներին և համակիրներին, ինչպես նաև բոլոր հայրենասեր երիտասարդներին, անհրաժեշտության դեպքում որպես կամավորականներ միանալ Հայոց բանակի զորամասերին և մասնակից դառնալ Հայրենիքի պաշտպանությանը:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը վստահ է, որ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից:

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և ապտակ միջազգային հանրությանը: Դրա հետ միասին, մենք վստահ ենք, որ Արցախի Զինված Ուժերի պատասխան գործողությունների հետևանքները դեռևս երկար են անդրադառնալու թշնամի երկրի բարոյական և քաղաքական իրավիճակի վրա: Մենք գործ ունենք ակնհայտ ագրեսիայի հետ, որին պետք է տրվի և տրվում է անհամաչափ պատասխան»,-հայտարարել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

ՍԴՀԿ-ն նաև վստահ է, որ Ադրբեջանի լկտի գործողությունները համաձայնեցված են եղել Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև՝ ընդհանրապես տարածարջանում վիճակը լարելու համար: Սա ցույց է տալիս, որ թե՛ Բաքուն և թե՛ Անկարան վտանգ են ներկայացնում միջազգային հանրության և, ընդհանրապես, առաջադեմ մարդկության համար:

Հնչակյան կուսակցությունը նաև արձանագրում է, որ իր առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ է հնարավորինս ներդնել Արցախի անվտանգության և պաշտպանության գործին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930