Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA) կոչ է անում ԱՄՆ կառավարությանն ու ԱՄՆ նախագահ Օբամային՝ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում շարունակվող լարված իրավիճակի հանդարտեցման համար։
Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ ասվում է. «Վաշինգտոնում ջերմ ընդունելության արժանանալուց ժամեր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հրահրել է լայնամասշտաբ գրոհներ Արցախի և Ադրբեջանի շփման ամբողջ երկայնքով։ Հաղորդվել են մի քանի մահվան դեպքեր, որոնց թվում կան երեխաներ»։
Համբարյանը պահանջել է ԱՄՆ ղեկավարությանը միջամտել իրավիճակին և անմիջապես հանդարտեցնել իրավիճակը. «Օբամայի վարչակարգը պետք է անհապաղ գործողություններ նախաձեռնի՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հարձակումներին վերջ տալու համար, պետք է քայլեր ձեռնարկվեն տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, որը հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության և ինքնորոշման իրավունքի վրա»։