«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում գործելու Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի անպատասխանատու որոշումը կարող է հանգեցնել հարձակում գործող կողմի համար անկանխատեսելի կործանարար
հետեւանքների:
Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներն են կրում ողջ պատասխանատվությունը 1994 թվականի զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների համար:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցությունը`
- Խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ վերսկսելու գործողությունը:
- Կոչ է անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել` զսպելու Ադրբեջանի Հանրապետության ագրեսիվ ցանկությունը տարածաշրջանում անկայունություն հարուցելու:
- Կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ օժանդակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը ապահովելու գործում:
- Կոչ է անում ողջ հայությանը համախմբել իր ուժերը եւ միասնական գործողություններով, ըստ անհրաժեշտության, պաշտպան կանգնել իր հայրենիքին:
2 ապրիլի 2016
Երեւան