Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Արամ Mp3-ի մենահամերգը: Համերգի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Արամ Սարգսյանը (AramMP3), կազմակերպիչ պրոդյուսեր Տիգրան Գալուստյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Գրիգրոյանը, գրաֆիկական դիզայներ Արամայիս Հայրապետյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը:
Արամը նշեց, որ հետաքրքիր համերգ է սպասվում. «Համերգի ընթացքում փորձել ենք օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք նոր են ներկրվել Հայաստան: Կլինեն վիզուալ էֆեկտներ, բացի լսելուց կկարողանան նաև տեսնել հետաքրքիր լուսային շոու: Հիմնականում լինելու են իմ երգերը, կլինեն նաև փոփոխված տարբերակներ՝ ավելի հայաֆիկացված, և երգեր, որ տարիների ընթացքում սիրվել են հանդիսատեսի կողմից իմ կատարմամբ: Կլինի անմիջական շփում հանդիսատեսի հետ. չեմ մոռացել իմ մասնագիտություններից մեկը՝ հումորը: Հումորից փախչելն անհնար է: Կարծում եմ՝ հումորի առկայությունը ավելի անմիջական կդարձնի երեկոն»:
Ինչպես ասաց Վահագն Գրիգորյանը, Հայաստանում առաջին անգամ է, որ արտիստը կապ կունենա թվայնացված տեխնոլոգիաների հետ. «Այն համերգային տեսակները, որ ունեցել ենք մինչ այս, կենդանի, անալոգային բնույթ են կրել, այստեղ մնացել են Արամն ու երաժիշտները: Ամեն մի երգին, նրա տրամադրությանը մոտեցել ենք յուրահատուկ ձևով, ամեն մի կատարում կունենա իր ձեռագիրն ու ասելիքը»:
Տիգրան Գալստյանն էլ ավելացրեց, որ համերգի ընթացքում շեշտը դրվելու է հիմնականում Արամի և լուսային էֆեկտների վրա. «Փորձել ենք համերգը անել այնպես, որ լինի յուրահատուկ, չկրկնվող: Պարային համարներ կլինեն, բայց քիչ»:
Կարդացեք նաև
Դիանան փաստեց, որ Արամ Mp3-ի համար հագուստներ կարել է, բայց նման մեծ աշխատանք դեռ չէր արել. «Արամի հետ աշխատելը դժվար չէ: Հետաքրքիր, ոչ ստանդարտ հագուստներ են ստացվել. գունային առումով էլ կլինեն նոր և գեղեցիկ: Չեմ ասի, թե քանի հագուստ է, ինչ ոճ է և ինչ գույներ են.թող անակնկալ լինի հանդիսատեսի համար»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ