Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը իրեն զրպարտելու համար 2 միլիոն դրամ է պահանջում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանից:
Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի հայցի քննությունն էր: Մհեր Ենոքյանը պնդում է, որ 11.11 2015-ին Նարեկ Մալյանն իրեն զրպարտել է facebook-յան գրառմամբ, որն ավելի ուշ արտատպվել է մի քանի կայքերում:
Նա ընթերցեց Նարեկ Մալյանի գրառումը. «Վալերի Պերմյակով, Սողոմոն Քոչարյան, Մհեր Ենոքյան տարբերություն չկա: Մենք ունիկալ ազգ ենք. Մարդկանց թվում է, որ իրենք կարող են ներել ուրիշին ոչ իրենց հարազատներին մորթած, քառատած մարդասպան ոճրագործներին: Սպանությունից քսան տարի անց թերթերում ընթերցվում են ոչ թե զոհերի այլ մարդասպանների մասին սրտաճմլիկ պատմությունները, զոհերն արդեն չկան… կարելի է նրանց արյունը համարել անկարեւոր։ Այսօր ավելի հուզիչ են ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը։ Մեռնողները մեր հարազատները չեն, ուստի կարելի է մարդասպաններին հերոսացնել։ 20 տարի անց մենք զինվորական համազգեստով հողին կհանձնենք ռուս հետախույզ Պերմյակովին։ Կարեւորը՝ 6 ամսական Սերյոժայի նկարները Ֆեյսբուքում տարածեցինք, դրանով ձեռք բերելով մարդասպանին ներելու եւ հերոսացնելու իրավունք… ու քանի մեզ խաբելն այդքան հեշտ է, դեռ շատ Բարաբբաներ ազատ կարձակվեն, եւ շատ Քրիստոսներ կխաչվեն»:
Նա ընթերցեց նշված հրապարակման տակ թողած Մալյանի մեկնաբանությունը. «Ամենավերջին անբարոյականներ են նրանք, որոնք մարդասպան Ենոքյանից կերտում են ռոմանտիկ բանաստեղծի կերպար»: Հետո ասաց, որ վիրավորվել է, որ Նարեկ Մալյանն իր անուն, ազգանունը փոքրատառերով է գրել:
Կարդացեք նաև
Ըստ Մհեր Ենոքյանի, մեկ այլ մեկնաբանությունում էլ Նարեկ Մալյանն ասել էր, որ Մհեր Ենոքյանը, կտրատելով 17 տարեկան երիտասարդին, լցրել է սպորտային պայուսակի մեջ, ու նրա հարազատներից դիակի համար փող պահանջել:
Ենոքյանը պնդեց, որ սպանված տղան տասնյոթ տարեկան չէր, նա եղել է տասնինը տարեկան ու ոստիկանապետի խորհրդականը իրեն է վերագրել անչափահասի սպանություն. «Նարեկ Մալյանը նշում է, թե ծնողից դիակի փող է ուզել, ես պնդում եմ, որ այս տեղեկությունն իրականության հետ կապ չունի, ես դատարանին կներկայացնեմ 1996 թվականի դատական նիստի արձանագրությունը, որտեղ հենց սպանվածի ծնողը ցուցմունք է տվել եւ հարցին, թե նրանից գումար ուզե՞լ են, պատասխանել է՝ ոչ: Կրկնում եմ՝ այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սուտ են, հազարավոր մարդկանց խաբել են ու արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը: Խախտել են իմ անձնական կյանքի նկատմամբ հարգանքը»:
Նա մեջբերեց նաեւ Նարեկ Մալյանի հրապարակման տակ թողած բլոգեր Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունը, թե կտրատված ու սպորտային պայուսակի մեջ լցրած տղայի մոր գիրքը թող կարդան: Ըստ Ենոքյանի, բլոգերի այս մեկնաբանությունը հաստատում է ոստիկանապետի խորհրդականի զրպարտիչ հայտարարությունը:
Նա պահանջում է, որ բլոգերը նույն facebook-ով հերքում տարածի, իսկ Նարեկ Մալյանը փոխհատուցի երկու միլիոն դրամով եւ հերքում տարածի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ