Ղարաբաղաադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած դեպքերը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը «ցավալի օրինաչափություն» է որակում. «Երբ Արցախյան հիմնախնդրի հետ կապված ի օգուտ Հայաստանի դիվանագիտական որեւէ միտում է նկատվում, Ադրբեջանը շեշտը դնում է ուժի վրա եւ նման մոտեցում ցուցաբերում: Սա մեզ չպետք է վախեցնի կամ կոտրի: Ադրբեջանի դիվանագիտական չափորոշիչները թույլ են: Արցախը պատմական Հայաստանի մի մասն է: Արցախի անվտանգության գրավականն է Հայաստանին միանալը, քանի որ Հայաստանը հանդիսանում է միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ: Այդ դեպքում բոլոր հարցադրումները կփակվեն: Ինչքա՞ն կարելի է այսպես սպասել, որ ԱՄՆ ինչ-որ նահանգ ճանաչի Արցախի անկախությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը:
Նա չի կիսում ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական երկու ուղղաթիռների խոցման փաստով սոցիալական ցանցերում «ուրախացողների» մոտեցումը. «Ես հումանիստ եմ, բայց պատերազմում խաղի կանոններ կան: Կամ դու ես պարտվում, կամ հակառակորդը: Ադրբեջանն այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որ հիմնախնդիրը պետք չէ տեղափոխել հույզերի դաշտ: Կա լուրջ ռազմաքաղաքական հիմնախնդիր, որը պետք է լուծել իրավական ճանապարհով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև